Մատչելիության հղումներ

Եռօրյա քննարկումներից ու ելույթներից հետո համաժողովի սփյուռքահայ մասնակիցներն ասում են՝ գնում ենք սպասումով ու հույսով, որ երկրի առաջին դեմքերի խոստումներն ու ծրագրերը թղթի վրա չեն մնալու։

ԱՄՆ հայրենակցական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի խոսքով՝ իշխանությունն առաջին հերթին պետք է կանխի արտագաղթը։ «Եթե Հայաստանում ապրող հայը ձգտում է Ֆրանսիա, Իսպանիա, ապա դժվար թե այդ դեպքում հայրենիքում ապրելու համար վերադառնան ամերիկահայերը», - շեշտում է Խանջյանն ու հավելում, որ հավատը վերականգելու խնդիր կա․ - «Այս հարցի իմ պատասխանը ես կարող եմ գտնել 2018-ի ապրիլին կամ մայիսին: Տեսնենք, թե ինչ կպատահի, երբ սկսեն կիրարկվել սահմանադրական փոփոխությունները, և տեսնենք, որ այստեղ սահմանադրականորեն, արդարորեն երկրի իշխանությունների մեջ փոփոխություն կա»:

Խոսքը գործով ապացուցելու հույսով համաժողովն ամփոփում է նաև լիբանանահայ Ահարոն Շխրտմյանը։ Նրա խոսքով՝ իր ծննդավայրում շատերն են ցանկանում գալ ու ներդրում կատարել այստեղ, բայց առկա արհեստական դժվարությունները չեն մոտիվացնում գործարարներին․ - «Մաղթում ենք, որ այս համաժողովը զգա, որ դժվարություններ կան, որոնցից մեկը՝ ներդրումների և Հայաստանում աշխատանքային պայմաններ ստեղծելու հարցը, լուրջ հարց է սփյուռքահայ գործարարի համար: Պետք է լրջորեն մտածել այս ուղղությամբ և լուծումներ գտնել: Լավատեսությամբ կսպասենք, որ այս համաժողովին արծարծված մտքերը կյանք ստանան, և մարդիկ այդ փոփոխություններով, բարեփոխումներով ոգևորվեն: Եվ այդ գործնական առաջարկները, գործակցությունը ավելի զարգանա»:

Ահարոն Շխրտմյանին մտահոգում է նաև սփյուռքում հայապահպանության հարցը։ Լիբանանի հայ երիտասարդաց ընկերակցության մամլո հարցերի պատասխանատուն ասում է, որ այս երեք օրերի ընթացքում հաճախ հնչեց այն միտք, որ սփյուռքը նոսրանում է, իսկ երիտասարդները կորցնում են հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

60 հազարանոց լիբանանահայ համայնքին ևս հուզում է ազգային ինքնության պահպանության խնդիրը․ - «Լիբանանում, որը սփյուռքի սիրտն է համարվում, մարդիկ խոսում են օտար լեզվով, տներում ծնողներին իրենց զավակների հետ օտար լեզվով են խոսում: Օտար վարժարաններ հաճախող հայ ուսանողների թիվն ավելացել է»:

Եռօրյա համաժողովի մասնակցում էր մոտ 1500 սփյուռքահայ աշխարհի 70 երկրից։ Համաժողովի անցկացման համար ծախսվել էր 85 միլիոն դրամ (մոտ 178 հազար դոլար), որը հատկացվել է բյուջեից և Կառավարության պահուստային ֆոնդից:

Հայապահպանության հարցերից զատ, օրակարգային էին նաև հայաստանցիների սոցիալ-տնտեսական խնդիրներն։

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի արհմիությունների նախագահ Շուշան Բախբուդարյանի խոսքով՝ շարունակվող արտագաղթը ապացուցում է, որ նախկինում հնչած գեղեցիկ խոսքերն իրականություն չեն դարձել: Նա ասաց, թե աշխատելու է, որ Հայաստանում հզորանա արհմիությունների դերը․ - «Հիմա պետք է միասնաբար աշխատենք արհմիությունների հետ, կառավարական պաշտոնյաների հետ, տեսնենք ինչպես կարող ենք օգտակար լինել: Մենք բոլորս հայ ենք, պետք է մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար աշխատենք»:

Համաժողովի ավարտին լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրան ներկայացրեցինք այս երեք օրերի ընթացքում որոշ սփյուռքահայերի այն դիտարկումները, որ նախորդ համաժողովների ընթացքում հնչած շատ խոսքեր մնացել են անկատար։ Հակոբյանն ասաց, թե չգիտի ով է նման միտք հնչեցրել․ - «Ես չեմ կարծում, որ մեկ-երկուսի արտահայտությունը, և դա դարձել է ուղղակի բանաձև․․․ Նախորդ համաժողովի ընթացքում հայապահպանությանը նվիրված մեխանիզմներ, կառուցակարգերն են առաջարկվել, դրանք հիմնականում իրականացվել են՝ ամառային դպրոցի ձևով, «Իմ Հայաստան» փառատոնի ձևով, «Երգում ենք Կոմիտաս» իրենց առաջարկությունն էր․․․ Սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված էլ, կարծում եմ, այսօր մենք պատկեր ցույց տվեցինք Էռնեկյանի, Սրմաքեշի, Սամվել Կարապետյանի, մյուս մեծերի, որոնք ինչքան մեծ ներդրումներ են արել և շարունակում են անել Հայաստանում»:

6-րդ համաժողովն էլ ավարտվեց համատեղ հայտարարությամբ։ Մասնակիցները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը միասնաբար և փոխադարձ պատասխանատվությամբ, մարդկային, նյութական և հոգևոր ներուժի համախմբմամբ առավել ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռաﬕասնությունը ու ջանքեր ներդնել հայության համար առանցքային խնդիրների լուծման համար։

XS
SM
MD
LG