Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ գործիչ․ Կամ տվյալները իրական չեն, կամ մարդկանց սպասելիքներն են շատ, կամ էլ մի բան կա այստեղ սխալ


Այսօր Երևանում կավարտվի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Համաժողովի ընթացքում պաշտոնյաները կոչ են անում սփյուռքահայերին հայրենիքում ներդրումներ կատարել, նրանց բարենպաստ պայմաններ են խոստանում: Սփյուռքահայ գործարարները, մինչդեռ, հակադարձում են՝ տրված խոստումները շոշափելի չեն, իրենք էլ վստահություն չունեն, որ Հայաստանում բիզնես հիմնելով՝ այն անվերադարձ չեն կորցնի:

Համաժողովի մասնակիցներից՝ Լոս Անջելեսի արհմիությունների ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը, օրինակ, այդ խոստումները համեմատում է Լուսնի վրա հող գնելու առաջարկի հետ:

«Շատ մեծ հույսեր ունեի վարչապետի նկատմամբ՝ ասելով, որ ինչ-որ նոր ավյուն, նոր եռանդ, ամեն ինչ նորություն կլինի, բայց, նորից, ես անձնապես ասեմ, որ ես չեմ հավատում խոսքին՝ ես հավատում եմ գործին», - «Ազատության» հետ զրույցում ասաց սփյուռքահայ գործիչը և շարունակեց․ - «Այո, մարդիկ կան, որ հող են ծախում Լուսնի վրա՝ «եթե ուզում եք, մի հատ տուն էլ ձեզ համար կառնենք այնտեղ», բայց ես սիրում եմ, որ անպայման տեսնել, շոշափել»:

«Ռիփորթները, որ ներկայացվում են, ցուցակները, որ ներկայացվում են, թղթի վրա հոյակապ են, գեղեցիկ են, աննման և փայլուն, բայց երբ որ անմիջական շփվում ենք պարզ ժողովրդի հետ, ամեն մեկը գանգատվում է: Ուրեմն՝ տվյալները չեն համապատասխանում իրականությանը, կամ մարդիկ իրենք այնքան սպասելիքներ ունեն պետության կողմից՝ շատ-շատ է և դրա համար չի բավարարում իրենց պահանջները, և կամ էլ մի բան կա այստեղ սխալ», - ընդգծեց Հովակիմյանը:

Նա հայտնեց, որ Հայաստանում է եղել անցյալ տարի՝ նույն օրերին, երբ վարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, և այս տարի․ - «Ու տեսնում եմ, որ գանգատները նույնն են, պրոբլեմները նույնն են, ուրեմն՝ ի՞նչ է փոխվել, ես չգիտեմ»:

«Ես ինձ իրավունք չեմ տալիս որևէ քաղաքական հայտարարություն անել կամ քաղաքական տեսակետ [հայտնել], որովհետև եթե ուզում եմ՝ պետք է այստեղ ապրեմ: Ես չեմ կարող Լոս Անջելես նստած՝ ասել, թե մարդիկ այստեղ ինչ անեն, եթե ուզում եմ, որ մի բան անեն, նախ ես պետք է անեմ ու գամ այստեղ ապրեմ», - շեշտեց սփյուռքահայ գործիչը:

«Եթե մեկն ուզում է ներդրում կատարել, նախ՝ գա այստեղ ապրի՝ գոնե առնվազն մեկից երկու տարի: Վախենում ես ինչ-որ մի գործ անես», - ասաց Հովակիմյանը՝ նշելով, որ Հայաստանում մենաշնորհների խնդիրը շատ մտահոգիչ է․ - «Փաստերը այն են, որ ում որ ասում ես՝ «վայ, էս ինչ լավ գաղափար է, սա եթե դու կարողանաս Հայաստան․․․», «չէ, չէ, ախպեր ջան, Հայաստան չեմ ուզում գնալ՝ ձեռքիցս կառնեն փողը և ինձ հետ կուղարկեն: Ես կարծում եմ, որ ընդհանրապես այդ վախն է»:

Հարցին, թե իր կարծիքով՝ այդ վախը հիմնավորվա՞ծ է, սփյուռքահայ գործիչն արձագանքեց․ - «Անկեղծ ասած, որովհետև ես ինքս այդ ճանապարհին փորձառություն չունեմ, չեմ կարող ասել, թե ինչպես է եղել: <...> Հիմա, այդ մարդը արդյո՞ք սուտ է ասում, արդյո՞ք ինքը այդ գործունեությունը որ ձեռնարկել է, պարզապես անհաջողակ է եղել այդ ոլորտում, թե՞ իսկապես մեկը արգելել է»:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG