Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին այդուհանդերձ մուտք գործեց Ուկրաինա


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները նրա համար ճանապարհ են բացում՝ օգնելով հատել սահմանը, 10-ը սեպտեմբերի, 2017թ․

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված՝ Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կիրակի երեկոյան հատեց Լեհաստան-Ուկրաինա սահմանը: Սաակաշվիլին Ուկրաինա մտավ Լվովի նահանգի «Շեգինի» անցակետով, որտեղ նրան դիմավորեցին հարյուրավոր աջակիցներ:

Նրա ժամանելուց մի քանի րոպե առաջ սահմանապահները հայտարարել էին սահմանային այդ հատվածի փակման մասին՝ վկայակոչելով անանուն մի աղբյուր, ըստ որի՝ տարածքը ականապատված էր: Անցակետի երկու կողմերից էլ հատուկջոկատայիններն ու սահմանապահները փակել էին ճանապարհը, այդուհանդերձ՝ Սաակաշվիլին իր աջակիցների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ միասին, կարողացել է ճեղքել նրանց պատնեշը և հայտնվել Ուկրաինայի տարածքում: Ավելի ուշ նա ժամանել է Լվով, որտեղ նույնպես Սաակաշվիլիին դիմավորել են աջակիցները՝ ծափահարություններով, «Փա՛ռք Ուկրաինային» և «Դուք մեր հերոսն եք» վանկարկելով:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն երեկ հայտարարել է, թե բոլոր նրանք, ովքեր օգնել են Սաակաշվիլիին ապօրինի հատել սահմանը, պատժվելու են: Դատախազությունը նաև հայտնել է, թե սահմանին տուժել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սակայն բոլոր տուժածները հրաժարվել են բուժօգնությունից:

Վրաստանի նախկին նախագահը ծրագրել էր Ուկրաինա մտնել «Կրակովեց» անցակետով, սակայն հետո անակնկալ փոխել է ծրագիրը՝ փորձելով սահմանը հատել լեհական Պերեմիշլ քաղաքից Կիև ուղևորվող արագընթաց գնացքով: Սակայն դա չհաջողվեց: Սաակաշվիլին հայտարարել էր, որ վերադառնում է իր սկզբնական ծրագրին և Ուկրաինա կմտնի «Կրակովեց» անցակետով՝ ավտոբուսով, սակայն ճանապարհին ավտոբուսը փոխել էր երթուղին և գնացել դեպի «Շեգինի» անցակետ, որտեղից էլ հենց նա մտավ Ուկրաինա:

Ուկրաինացի սահմանապահներն արդեն հայտարարել էին, որ թույլ չեն տա քաղաքական գործչին մտնել երկիր, քանի որ նրա ուկրաինական անձնագիրն անվավեր է: Սաակաշվիլին, իր հերթին, պնդում էր, որ չի հանձնվելու, մինչև չհատի սահմանը և արդեն հենց Ուկրաինայում չբողոքարկի իրեն քաղաքացիությունից զրկելու՝ նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը:

Հիշեցնենք՝ Միխեիլ Սաակաշվիլին այս տարվա հուլիսին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, ըստ պաշտոնական Կիևի՝ պատճառը 2015-ին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ ներկայացնելն է․ Սաակաշվիլին, մասնավորապես, չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG