Մատչելիության հղումներ

Գնացքը, որով Սաակաշվիլին ուզում էր հատել Ուկրաինայի սահմանը, կանգնեցվել է Լեհաստանի տարածքում


Պերեմիշլ, Լեհաստան - Միխեյիլ Սաակաշվիլին որդու՝ Նիկոլոզի հետ գնացքում, 10-ը սեպտեմբերի, 2017թ․

Այն գնացքը, որով Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին այսօր ցանկանում էր հատել Լեհաստանի և Ուկրաինայի սահմանը, Ուկրաինայի իշխանությունների պահանջով կանգնեցվել է Լեհաստանի սահմանին: Գնացքը պետք է շարժվեր տեղական ժամանակով 14.07-ին, սակայն Սաակաշվիլիի խոսքով, ուկրաինական երկաթուղիների ղեկավարությունը արգելել է գնացքի երթևեկությունը, մինչև ինքը չլքի այն: Միևնույն ժամանակ, բարձրախոսով հայտարարվել է, որ Ուկրաինայի ազգային ոստիկանության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, գնացքում գտնվում է մի մարդ, ում մուտքը Ուկրաինա արգելված է, ուստի գնացքը չի կարող շարժվել, քանի դեռ նա գնացքում է:

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշիա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, ով ուղեկցում է Սաակաշվիլիին, ասել է, որ այսպիսի հրահանգ տվել է անձամբ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն․ - «Պորոշենկոն փաստացի գերի է վերցրել մեր գնացքի բոլոր ուղևորներին»: Նման հայտարարություն արել նաև ինքը՝ Սաակաշվիլինն:

Իր հերթին Ուկրաինայի ոստիկանությունը հայտարարել է, որ «Կրակովեց» սահմանային անցակետի մոտ համազգեստավոր ավելի քան 100 մարդու է ձերբակալել, ովքեր շարժվում էին ուկրաինա-լեհական սահմանի ուղղությամբ: Նրանցից առգրավվել են գազային սրվակներ, մարզական մրցումների ժամանակ օգտագործվող ատրճանակներ, ինչպես նաև մետաղական առարկաներ:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի պատրաստվում սահմանը հատել «Կրակովեց» անցակետով և Ուկրաինա մուտք կգործի լեհական Պերեմիշլ քաղաքից Կիև ուղևորվող արագընթաց գնացքով՝ լրագրողների ու պատգամավորների ուղեկցությամբ: Սաակաշվիլիի խոսքով, «Կրակովեց» անցակետի մոտ զինված անձինք կային, ովքեր կարող էին սադրանքներ հրահրել:

Սեպտեմբերի 10-ին Ուկրաինա վերադառնալու մասին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր դեռ օգոստոսի կեսերին՝ կոչ անելով աջակիցներին մասնակցել իր վերադարձին ՝ «կենդանի միջանցք» դառնալ և օգնել իրեն հատել ուկրաինական սահմանը։

Ուկրաինացի սահմանապահներն արդեն հայտարարել են, որ թույլ չեն տա քաղաքական գործչին մտնել երկիր, քանի որ նրա ուկրաինական անձնագիրն անվավեր է։ Սաակաշվիլիին իր հերթին պնդում է, որ չի հանձնվելու մինչև չհատի սահմանը և արդեն Ուկրաինայում բողոքարկի իրեն քաղաքացիությունից զրկելու նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը:

Հիշեցնենք՝ Միխեիլ Սաակաշվիլին այս տարվա հուլիսին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, ըստ պաշտոնական Կիևի, պատճառը 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ ներկայացնելն է։ Սաակաշվիլին մասնավորապես չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

2004-2013 թվականներին Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին տեղափոխվել էր Ուկրաինա: 2015-ի դեկտեմբերին նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և Ուկրաինայի անձնագիր էր ստացել: Նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական, ապա՝ Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին հրաժարական տալով նահանգապետի պաշտոնից՝ Սաակաշվիլին անցել էր ընդդիմադիր գործունեության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG