Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին այդուհանդերձ մուտք գործեց Ուկրաինա


Միխեիլ Սաակաշվիլին` աջակիցներով շրջապատված «Կրակովեց» անցակետում

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այնուամենայնիվ հատեց ուկրաինա-լեհական սահմանը:

Սաակաշվիլին Ուկրաինա մտավ Լվովի նահանգի «Շեգինի» անցակետով, որտեղ նրան դիմավորեցին իր հարյուրավոր աջակիցները: Նրա ժամանելուց մի քանի րոպե առաջ, սահմանապահները հայտարարեցին սահմանային այդ հատվածի փակման մասին` հղում կատարելով անանուն մի աղբյուրի, ըստ որի տարածքը ականապատված էր:

Անցակետի երկու կողմերից էլ հատուկջոկատայիններն ու սահմանապահները փակեցին ճանապարհը, այդուհանդերձ Սաակաշվիլիին իր աջակիցների հետ` այդ թվում Գերագույն ռադայի պատգամավորների, հաջողվեց ճեղքել նրանց շրջափակումը և հայտնվել Ուկրաինայի տարածքում:

Սաակաշվիլին ծրագրել էր Ուկրաինա մտնել «Կրակովեց» անցակետով, սակայն հետո անակնկալ փոխեց ծրագրերը` փորձելով սահմանը հատել լեհական Պերեմիշլ քաղաքից Կիև ուղևորվող արագընթաց գնացքով, սակայն սա ևս չհաջողվեց: Վրաստանի նախկին նախագահը հայտարարեց, որ վերադառնում է իր սկզբնական ծրագրին և Ուկրաինա կմտնի «Կրակովեց» անցակետով ավտոբուսով, սակայն ճանապարհին ավտոբուսը փոխեց երթուղին ու գնաց դեպի «Շեգինի» անցակետ, որտեղից հենց Սաակաշվիլիին մտավ Ուկրաինա:

Ուկրաինացի սահմանապահներն արդեն հայտարարել էին, որ թույլ չեն տա քաղաքական գործչին մտնել երկիր, քանի որ նրա ուկրաինական անձնագիրն անվավեր է։ Սաակաշվիլիին իր հերթին պնդում էր, որ չի հանձնվելու մինչև չհատի սահմանը և արդեն Ուկրաինայում բողոքարկի իրեն քաղաքացիությունից զրկելու նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը:

Հիշեցնենք՝ Միխեիլ Սաակաշվիլին այս տարվա հուլիսին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, ըստ պաշտոնական Կիևի, պատճառը 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ ներկայացնելն է։ Սաակաշվիլին մասնավորապես չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG