Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» 4 անդամներին ծեծի ենթարկելու գործով կասկածյալ կամ մեղադրյալ առայժմ չկա


Փաստաբան Ինեսսա Պետրոսյան

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ երկու ամիս առաջ դատարանի նկուղում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների դեմ բռնություն կիրառելու գործով առայժմ մեղադրյալ չկա: ՀՔԾ-ն մանրամասներ չի հաղորդում։

Իրավապահները դեռ պարզում են․ հունիսի 28-ին դատարանի նկուղում ոստիկանները բռնությո՞ւն են գործադրել «Սասնա ծռերի» 4 անդամների նկատմամբ, թե՞ պարզապես կիրառել են համաչափ ուժ։

Փաստաբանները պնդմամբ՝ ՀՔԾ-ն անգործության է մատնված և փորձում է կործկել գործընկեր ոստիկանների հանցանքը։

Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով մոտ երկու ամիս առաջ հարուցված քրեական գործի նախաքննությունից միայն հայտնի է, որ ծեծի մասին բարձրաձայնած «Սասնա ծռեր» զինված խմբի 4 անդամներից 3-ը ճանաչվել են տուժող:

Զինված խմբի անդամ, «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը և Մխիթար Ավետիսյանը հայտարարել էին, որ դատարանի նկուղում ոստիկաններն իրենց ծեծել են։ Ոստիկանությունը հաջորդ օրն իսկ շտապեց հերյուրանք որակել այդ հայտարարությունները՝ պնդելով, թե իրավապահները «համաչափ ուժ են կիրառել»։

«Սասնա ծռերից» Մխիթար Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե զարմացած չէ, որ անցած երկու ամսվա ընթացքում իրավապահները լիարժեք քննություն չեն անցկացնել․ - «Այս երկու ամիսների ընթացքում ընդամենը քրեական գործ հարուցվեց, որովհետև ակնհայտ էր, որ նրանց վրա առկա էին մարմնական վնասվածքներ, ուստի որևէ ձևով չէին կարող թաքցնել իրենց կողմից կատարած հանցագործության հետքերը: Հաջորդ քայլը եղավ նրանց տուժող ճանաչելու վերաբերյալ որոշումներ կայացնելը, և դրանով կարծես թե ամեն ինչ սահմանափակված է: Համենայն դեպս մինչ օրս ինձ հայտնի չէ, որ այդ գործով որևէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունենա»:

Ավետիսյանը պաշտպանին պատմել էր, որ դատարանի նկուղում մոտ հիսուն ոստիկան հերթով դաժանությամբ ծեծել են իրեն։ Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ հաշվի առնելով ոստիկանության հայտարարությունը համաչափ ուժ կիրառելու մասին, ի սկզբանե պարզ էր, թե ինչ ուղղությամբ են տանելու նախաքննությունը․ - «Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ այդ ամենը ուղղորդված է, այդ ամենը կազմակերպված է եղել: Որևէ սպասելիք նախաքննական մարմնից չունեինք: Եվ ինչպես հայտարարել էինք, այդպես էլ տեղի են ունենում արդեն իրադարձությունները: Այդ մասին է վկայում այն, որ արդեն երկու ամիս է որևէ մեղադրյալ գործով ներգրավված չէ: Դեռ ավելին, ում վերաբերյալ որ կոնկրետ նշվում էր, թե նա է կազմակերպել՝ փոխգնդապետ Ղազարյանը, նա շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները»:

Ծեծի մասին բարձրաձայնած Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը ևս պնդում է, որ ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը, ում մատնացույց են անում որպես ծեծի կազմակերպիչ, չպետք է շարունակի ծառայությունը։ Փաստաբանը նամակ է հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով դադարեցնել Ղազարյանի լիազորությունները․ - «Ենթադրյալ կասկածյալը շփվում է տուժողների հետ: Ըստ Եվրոպական դատարանի, բացառվում է նման դեպք, որ ենթադրյալ բռնարարը շփվի տուժողների հետ: Սակայն Հատուկ քննչական ծառայությունում մենք չգիտենք՝ արդյո՞ք Արմեն Ղազարյանը հարցաքննվել է: Առնվազն Արմեն Ղազարյանի և Արայիկ Խանդոյանի և մնացածների միջև պետք է առերեսում կատարվեր, որը չի կատարվել մինչև օրս: Միայն Արայիկ Խանդոյանը որպես տուժող ցուցմունք է տվել»:

Գարագյոզյանը դատաբժշկական եզրակացությունը օբյեկտիվ չի համարում։ Ասում է, որ թեպետ Խանդոյանը բողոքում է սուր գլխացավերից, եզրակացությունում նրա վնասվածքները որակվել են որպես թեթև․ - «Աչքը կարմրել էր, արյուն էր լցված, այդ փաստը չեն ֆիքսել, քանի որ հենց անմիջապես այդ օրը դատաբժշկական փորձաքննություն չի անցել Արայիկ Խանդոյանը: Դեպքից երկու թե երեք օր հետո նոր դատաբժշկական փորձաքննություն է անցել: Բայց Մարդու իրավունքների պաշտպանը և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից այդ բոլոր վնասվածքները ֆիքսվել են»:

Փաստաբանը փոխանցեց նաև, որ Արայիկ Խանդոյանին երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում զննության են ենթարկել․ - «Ականջն են ստուգել: Սակայն այն գլխավոր խնդիրը, որ Արայիկ Խանդոյանը գլխացավեր ունի, ռենտգեն ստուգումներ չեն արել: Ինչպես ես, այնպես էլ Արայիկ Պապիկյանը դիմել ենք, սակայն մինչև օրս․․․ ոչ մի բան չեն պատճառաբանել․ միայն ականջն են ստուգել և հետ են տարել»:

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամլո ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ երեկ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Արայիկ Խանդոյանի գանգատների հիման վրա կատարվել է ականջի հետազոտություն, նշանակվել դեղորայքային բուժում։

Հիշեցնենք, «Սասնա ծռերի» հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ տեղի էր ունեցել վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի, Ավետիսյանի, ինչպես նաև երկու այլ մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:

XS
SM
MD
LG