Մատչելիության հղումներ

Պաշտպանները ՀՔԾ-ից և դատախազությունից պահանջում են անհապաղ քննություն սկսել Արայիկ Խանդոյանի ծեծի փաստով


Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքում, հուլիս, 2016թ.

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Ղարագյոզյանն ու Արայիկ Պապիկյանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ իրենց պաշտպանյալը երեկ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում ենթարկվել է խոշտանգման և ծեծի:

Ըստ պաշտպանների, Խանդոյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

«Խանդոյանին ծեծել և խոշտանգել են ոստիկանի համազգեստը կրող բազմաթիվ էակներ: Նշված հանգամանքները իրավական պետությունում քննվում են օրենքով սահմանված կարգով և հանցագործները ենթարկվում են քրեական պատասխանատվության: Թեև ներկայիս ռեժիմը Հայաստանը վեր է ածել անիրավ պետության, այդուհանդերձ գլխավոր դատախազից և Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք անհապաղ սկսել քննություն և ապահովել դրա կատարյալ թափանցիկություն: Փորձ չանեք որևէ մեկին մոլորեցնել կամ խաբել նախաքննական գաղտնիք եզրույթով. հանրությանը, Արայիկ Խանդոյանին, նրա պաշտպաններին տրամադրել ամենօրյա տեղեկատվություն՝ քննության ընթացքի, համազգեստավոր էակների, կատարված բոլոր գործողությունների մասին», - իրենց հայտարարությունում նշել են պաշտպանները՝ շարունակելով. - «Մեր պահանջներից որևէ մեկի չկատարումը հաստատելու է մեր այն համոզմունքը, որ Հայաստանի իշխանությունը զավթված է բանդայի կողմից, իսկ դրանց՝ իրավաբանական հիմքով սահմանափակումն անթույլատրելի է, քանի որ Արայիկ Խանդոյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ բոլոր բռնությունները մեկ անձի քաղաքական պատվերն ու անձնական վրեժխնդրությունն են, ինչն իրավունքի հետ որևէ առնչություն չունի»։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Ղարագյոզյանը, վկայակոչելով Արայիկ Խանդոյանին, «Ազատության»-ը փոխանցել էր, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նաև Արեգ Կյուրեղյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր հայտարարեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամներին ծեծի ենթարկելու ահազանգերով այցեր են կատարում քրեակատարողական հիմնարկներ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG