Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից չորսին, փաստաբանների վկայությամբ, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել


«Սասնա ծռեր»-ի գործով երեկվա դատական նիստը, Երևան, 28-ը հունիսի, 2017թ․

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները պնդում են, որ երեկ դատարանի նկուղում ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից։ Նրանք այս մասին ահազանգել են փաստաբաններին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից բանտ տեղափոխվելուց հետո։

Ինչպես պնդում են փաստաբանները, ոստիկանները 10-15 հոգով ծեծի են ենթարկել «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։

Արայիկ Խանդոյանի փաստաբանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հինգշաբթի վաղ առավոտյան այցելել էր Խանդոյանին։ Հենց Նուբարաշենի բանտի բակում նա լրագրողների հետ զրույցում պատմեց պաշտպանյալի հետ զրույցի մանրամասները․ - «Խանդոյան Արայիկը, իսկապես, բռնության է ենթարկվել, խոշտանգվել է՝ ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով: Նրան դատարանի շենքում՝ այն խցում, որտեղ եղել է, մոտավորապես 15 մարդ դաժանաբար ծեծի են ենթարկել, ընդ որում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել՝ հերթով են մտել ծեծելու»:

Գլխավոր դատաախզությունը քիչ առաջ հայտարարեց, որ կատարվածի վերաբերյալ նյութեր են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ պատշաճ քննությամբ նշված հանգամանքներն ստուգելու և իրավական գնահատական տալու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները գիշերն այցելել են քրեակատարողական հիմնարկներ, տեսակցել «Սասնա ծռերի» անդամներին։ ՄԻՊ գրասենյակը հաղորդում է, որ արձանագրել են վնասվածքներ, որ նշված բոլոր տեղեկությունները պարունակում են հանցագործության առերևույթ հատկանիշներ, և անհրաժեշտ է անհապաղ քննել կատարվածը:

Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչ պարզաբանում կարող են տալ ոստիկանների հասցեին հնչեցված այս մեղադրանքներին, ասաց միայն, որ պաշտոնյայի կողմից ծեծի դեպքը իրենց վարույթում չի կարող քննվել։

Խանդոյանի և Կյուրեղյանի փաստաբաններն ասում են, որ դատարանից բանտ վերադարձի ժամանակ բանտի ղեկավարությունը արձանագրել է «Սասնա ծռերի» ծեծված անդամների վնասվածքները և կազմել արձանագրություններ։ Դիմել են բանտի ղեկավարությանը՝ դրանց պատճենները ստանալու համար։

Փաստաբանի հետ տեսակցած «Սասնա ծռերի» անդամը պատմել է ծեծի պատճառների մասին։ «Պատճառը նա է եղել, որ երբ Արեգին Կյուրեղյան և Մխիթարին ծեծելով բերել են՝ ուղղակի, չեմ ուզենա էս բառը ասեմ, բայց՝ տշելով, ինքը բարձրաձայնել է՝ «ի՞նչ եք անում», ոչինչ չի եղել նախադրյալ, որ իր նկատմամբ ևս, և այդ մարդիկ շարունակել են իր հետ», - Խանդոյանի պատմածը փոխանցեց Պապիկյանը՝ հավելելով․ - «Ես կասկած չունեմ՝ նա առնվազն ուղեղի ցնցում ունի, որովհետև շատ վատ էր վիճակը»:

Արայիկ Խանդոյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը բուժօգնության կարիք ունի, բայց մինչև հիմա նրան որևէ դեղորայք չեն հատկացրել, այցելած բժիշկն էլ սահմանափակվել է զարկերակային ճնշումը չափելով։

«Որևէ կասկած չկա, որ նա այս պահին մասնագիտական բուժօգնության կարիք ունի: Ես քիչ առաջ դիմում հանձնեցի ՔԿՀ-ի [քրեակատարողական հիմնարկի] պետի գրասենյակ, ավելի ստույգ, նրան ապահովեն, որովհետև անհապաղ դրա կարիքը կա», - ասաց Պապիկյանը:

Փաստաբանը, փոխանցելով Խանդոյանի խոսքերը, նշում է՝ ծեծելուց հետո ոստիկանները փորձել են նրան մեկուսացնել, որպեսզի «Սասնա ծռեր»-ի մյուս անդամները դա չնկատեն, իսկ բանտ տեղափոխելուց հետո էլ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը չի կատարել նրա խնդրանքը՝ բանտ կանչել իր պաշտպաններին․ - «Ինքը «Նուբարաշեն» ՔԿՀ մտնելուց անմիջապես հետո խնդրել և պահանջել է՝ հրավիրեն իր պաշտպաններին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Չեն կատարել, Արայիկին խորհուրդ են տվել՝ դիմում գրի հեռախոսազանգի թույլտվություն ստանալու համար, դիմումը ինքը գրել է, և իրավաբանը իրեն ասել է՝ քո դիմումը սահմանված կարգով փոստով ուղարկվել է պետին, և պետին հասնելուց, նրա դրական լուծումից հետո ինքը այդ թույլտվությունը կստանա, որի վերաբերյալ մինչ այժմ պատասխան չունի»:

«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը պնդում է՝ ծեծի ենթարկված իր պաշտպանյալին բանտում միայն ցավազրկող են տվել։ Փաստաբանն այսօր Նուբարաշենի բանտում տեսակցել է Եղիազարյանին․ - «Բավական շատ մարմնական վնասվածքներ ունի․ բազմաթիվ հարվածներ է ստացել ինչպես գլխի շրջանում, այնպես էլ մարմնի գրեթե բոլոր հատվածներում: Նրան նաև շարունակել են ծեծել, երբ նրան գետին են տապալել, այնուհետև նրա ձեռքերին ձեռնաշղթաներ են ամրացրել և շարունակել են այդպես ծեծել: Մի խոսքով, բավական բարդ է վիճակը: բժշկական օգնություն, ըստ էության, ստացել է ցավազրկողի տեսքով: Արդեն պետք է ակնկալել գործողություններ»:

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկացրեց, որ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որի ղեկավարությունը հաստատել է Արեգ Կյուրեղյանի և Արայիկ Խանդոյանի վնասվածքների մասին տեղեկությունները և հայտնել, որ բռնությունների վերաբերյալ արձանագրություններն ուղարկել են Գլխավոր դատախազություն։

Հիշեցնենք, երեկվա դատական նիստին մի քանի միջադեպ տեղի ունեցավ։ Նիստը դեռ չմեկնարկած՝ ոստիկանները դատարանի դահլիճից ուժով հեռացրեցին «Սասնա ծռերի» անդամներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ ոստիկանները թույլ չէին տվել Արեգ Կյուրեղյանին գրություն հանձնել իր փաստաբանին:

Արայիկ Խանդոյանի փաստաբանները պնդում են, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը չպետք է քննի այս գործը, քանի որ նրա քթի տակ, արդարադատություն իրականացնելուն կոչված դատարանում մարդ են ծեծում։ «Սա պարզապես հայաստանյան պրակտիկայում խայտառակություն է․ որ մարդը դատարանում ծեծի է ենթարկվում», - ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այդ դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG