Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության՝ «հարմար պահի»


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 16-ը օգոստոսի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 16-ը օգոստոսի, 2017թ․

Պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության՝ հարմար պահի, մինչ այդ, սակայն, Փհենյանը պետք է լուրջ վերաբերմունք դրսևորի Կորեական թերակզին ապամիջուկայնացնելու հարցում, հայտարարում են Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում:

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վստահեցնում է, որ ԱՄՆ-ը առաջվա պես պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին: «Մենք ինչպես նախկինում, այժմ էլ հետաքրքրված ենք երկխոսության հնարավորություններ փնտրելու հարցում», - ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը՝ միաժամանակ ընդգծելով, որ մինչև հնարավոր բանակցությունների մեկնարկը Փհենյանը նախ պետք է դադարեցնի բալիստիկ հրթիռների արձակումն ու միջուկային փորձարկումները:

«Մենք կցանկանայինք բանակցություններ վարել Կիմ Չեն Ինի հետ, երբ հարմար պահ լինի », - իր հերթին, հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը, շեշտելով՝ մինչ այդ նրանք պետք է ցույց տան, որ լուրջ են մոտենում թերակղզին ապամիջուկայնացնելու ջանքերին: «Առայժմ մենք դա չենք տեսնում», - հավելել է Նաուերթը՝ հիշեցնելով մի շարք միջուկային փորձակումների և բալիստիկ հրթիռների արձակումների մասին, որոնք Հյուսիսային Կորեան իրականացրել է անցյալ և ընթացիկ տարիներին: Մասնավորապես, այս տարի բալիստիկ հրթիռների արձակումը, ըստ մասնագետների, վկայում է, որ հյուսիսկորեացիների հարվածը կարող է հասնել մինչև ամերիկյան Ալյասկա:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական աղբյուրները երեկ հաղորդել են, որ նախագահ Կիմ Չեն Ինը ծանոթացել է ամերիկյան Գուամ կղզու հրթիռակոծման պլանների մասին զինվորականների զեկույցին, ինչից հետո որոշել է հետաձգել վերջնական որոշման ընդունումը: Հաղորդագրությունում նշվում է, որ հյուսիսկորեացի առաջնորդը որոշել է միառժամանակ էլ հետևել ամերիկացիների կեցվածքին:

Նախկինում որդեգրած չափազանց կոշտ դիրքորոշումից որոշ չափով նահանջ գրանցող այդ հայտարարությամբ Փհենյանը հանդես է գալիս Պենտագոնի նախազգուշացումից հետո, որ հրթիռների նոր արձակումները շատ արագ կարող են հանգեցնել պատերազմի:

Աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Կորեական թերակղզու ճգնաժամը, փորձագետների կարծիքով, կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով:

Կորեական թերակղզու շուրջ լարվածությունը, հիշեցնենք, կտրուկ աճել է, երբ Հյուսիսային Կորեան սպառնացել է հրթիռակոծել Գուամ կղզին, իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե «Ամերիկայի կամ դաշնակիցների վրա հարձակվելու դեպքում Հյուսիսային Կորեան կբախվի այնպիսի կրակի և ցասումի, որն աշխարհը երբևէ չի տեսել»:

Քաղաքագետների համոզմամբ՝ կորեական ճգնաժամի հարցում պետք է մեծանա հատկապես Չինաստանի դերակատարությունը, և Պեկինը պետք է դառնա կարգավորման մասնակից:

Ավելի վաղ, հիշեցնենք, Չինաստանը ՄԱԿ-ի նոր պատժամիջոցների համաձայն խստացրել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ տնտեսական ճնշումները՝ մասնավորապես դադարեցրել քարածխի, ծովամթերքի և երկաթի հանքաքարի ներմուծումը այդ երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG