Մատչելիության հղումներ

Ջեյմս Մաթիս. «Այո, երբ կրակում մեզ վրա, դա պատերազմ է կոչվում»


Կոմունիստական Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը և ատոմային ռումբը, քաղաքական ծաղրանկար
Կոմունիստական Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը և ատոմային ռումբը, քաղաքական ծաղրանկար

Հյուսիսային Կորեան փոքր-ինչ մեղմել է ռազմատենչ դիրքորոշումը:

Կիմ Չեն Ինը «կհետևի ԱՄՆ-ի կեցվածքին»

Հյուսիսային Կորեան բանակը մարտական պատրաստության է բերել, բայցև հաղորդել է, որ հետաձգում է ամերիկյան տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումները:

Օրերս որդեգրած չափազանց կոշտ դիրքորոշումից որոշ չափով նահանջ գրանցող այդ հայտարարությամբ Փհենյանը հանդես է եկել այն բանից հետո, երբ Պենտագոնը նախազգուշացրել է, որ հրթիռների նոր արձակումները շատ արագ կարող են հանգեցնել պատերազմի:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հրապարակել է հայտարարություն, որի համաձայն, առաջնորդ Կիմ Չեն Ինը բանակին հրամայել է պատրաստ լինել ցանկացած պահի հրթիռների արձակման, բայցև միաժամանակ ծանուցել է, թե կհետևի Միացյալ Նահանգների կեցվածքին ու դրանից ելնելով կընդունի որոշումը:

«Միացյալ Նահանգներն առաջինն է ռազմավարական միջուկային սարքավորումներ տեղակայել մեր հարևանությամբ, ուստի առաջինը պետք է ճիշտ որոշում ընդունի և ապացուցի, որ ցանկանում է թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզու շուրջ, և կանխի վտանգավոր ռազմական առճակատումը», - ասվում է Հյուսիսային Կորեայի պաշտոնական հայտարարությունում:

«Եթե նրանք դա անեն, ուրեմն խաղը սկսվել է»

Փհենյանն այդպես արձագանքել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսի մեկնաբանությանը: Մաթիսը երեկ ասել է, որ ամերիկյան բանակը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի տարածքի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ, և այդ արձակումը կդիտվի որպես պատերազմ:

«Եթե նրանք կրակ բացեն Միացյալ Նահանգների ուղղությամբ, դա շատ արագ կվերածվի պատերազմի, այո, երբ կրակում մեզ վրա, դա կոչվում է պատերազմ, եթե նրանք դա անեն, ուրեմն խաղը սկսված է», - ասել է Մաթիսը:

Ամերիկացիները մեկ ակնթարթում կգրանցեն հրթիռի արձակումը

Երեկ Մաթիսը, որի մականունը ԱՄՆ զինված ուժերում «Կատաղած շուն» է, լրագրողներին ասել է, որ բանակը կարող է ոչնչացնել Գուամի ուղղությամբ արձակված հյուսիսկորեական հրթիռները, քանի որ հակահրթիռային պաշտպանության գերարդիական համակարգերը վայրկյանների ընթացքում կգրանցեն դրանց արձակման պահը և տեղը:

Ջեյմս Մաթիսը հրաժարվել է հստակեցնել, թե կոնկրետ ի՞նչ քայլի կդիմի Ամերիկան, եթե հյուսիսկորեացիները հրթիռ արձակեն: Նա ասել է, որ ամերիկյան ռադարները և հակաօդային պաշտպանության այլ համակարգերը կարող են մեկ ակնթարթում գրանցել արձակումը, հետևել թռիչքին և պարզել՝ հրթիռն ուղղված է Գուամի՞ վրա, թե՞ չհասնելով կղզուն՝ ծովը կընկնի:

Եթե հրթիռն ուղղվի Գուամի վրա, այն կոչնչացվի, եթե հստակ դառնա, որ այն ընկնելու է ծովը, բանակի գործողությունը կորոշի նախագահ Դոնալդ Թրամփը:

Տարածաշրջանը հուսով է, որ պատերազմ չի լինի

Ամբողջ աշխարհն է ուշադրությամբ հետևում այս առճակատմանը: Հատկապես մտահոգված են տարածաշրջանի պետությունները: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հարցը հեռախոսով քննարկել է Դոնալդ Թրամփի հետ:

«Գուամը հրթիռակոծելու Հյուսիսային Կորեայի հնչեցրած սպառնալիքը լարվածությունը հասցրել է աննախադեպ աստիճանի, միաժամանակ ես բարձր եմ գնահատում Թրամփի հավատարմությունը դաշնակիցներին պաշտպանելու գաղափարին», - ասել է Աբեն:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ին այսօր Սեուլում ասել է, որ ամեն ինչ արվում է պատերազմի վտանգը կանխելու համար:

«Ահա ուղերձս Հյուսիսային Կորեային՝ առանց միջազգային համագործակցության և գոյակցության տնտեսական զարգացում չի լինում, եթե շարունակեք ձեր այսօրվա ուղին, կունենաք միայն միջազգային մեկուսացում և խավար ապագա», - ասել է Հարավային Կորեայի նախագահը:

Գուամի բնակիչները «ինչ-որ տեղ թեթևացած են»

Փհենյանի ռազմատենչ հռետորաբանության որոշակի վերանայումը նկատել են նաև բուն Գուամ կղզում:

«Տողատակում նշմարվում է, որ անմիջական սպառնալիք չկա, գուցե դա իմ անձնական տպավորությունն է, բայց շատերն են այդպես ըմբռնում: Ինչ-որ տեղ թեթևացած ենք, որ Կիմ Չեն Ինը որոշել է հապաղել Ամերիկայի նկատմամբ, մեր բնակիչների նկատմամբ գործողություն իրականացնելու հարցում», - ասել է Գուամի փոխնահանգապետ Ռեյ Թենորիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG