Պաշտոնական Պեկինը զսպվածության կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին ու Հյուսիսային Կորեային առաջնորդին` հորդորելով խուսափել հայտարարություններից ու քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր` Փհենյանին սպասում են մեծ-մեծ անախորժություններ, եթե ինչ-որ բան պատահի խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու հետ, որտեղ մի քանի ամերիկյան ռազմակայան է տեղակայված:
Իր հերթին, Փհենյանն էլ հայտարարել էր, թե երկրի զինված ուժերը մինչև օգոստոսի կեսերը կավարտեն Գուամին հարվածելու ռազմական ծրագիրը և պատրաստ կլինեն այն գործի դնել` առաջնորդի հրամանի դեպքում:
Ավելի քան 50 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող Փհենյանի և Վաշինգտոնի միջև առճակատումը սրվեց, երբ ամերիկյան թերթերը, հղում անելով հետախուզությանը, գրեցին, թե Հյուսիսային Կորեան արդեն միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք կարող են վնասել Նահանգներին: Ի պատասխան, Վաշինգտոնի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցած շաբաթ աննախադեպ խիստ պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ: