Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Ավելի լավ է Փհենյանը սթափվի, այլապես կհայտնվի աննախադեպ փորձանքի մեջ»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանում է Հյուսիսային Կորեայի խնդիրը, Բեդմինսթր, Նյու Ջերզի, 10-ը օգոստոսի, 2017թ.

Պենտագոնի ղեկավարն առայժմ նախապատվությունը դիվանագիտությանն է տալիս:

Նախագահը ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի հանդուրժի

Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Նյու Ջերզիում ասել է, թե գուցեև պահանջված չափով կոշտ չէր իր հայտարարությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեան «հրո և ցասումի առաջ կկանգնի, եթե շարունակի սպառնալ Միացյալ Նահանգներին կամ դաշնակից երկրներին»:

Թրամփի փոխանցմամբ, Կիմ Չեն Ինն անհարգալից կեցվածք է դրսևորել Ամերիկայի նկատմամբ և սարսափելի բաներ է ասել, ինչը Սպիտակ տունը չի հանդուրժի:

«Եթե Հյուսիսային Կորեան որևէ բան անի, կամ թեկուզ մտածի հարձակվել մեր վրա, մեր դաշնակիցների վրա, ապա պետք է շատ-շատ ներվայնանա, որովհետև նրանց հետ կպատահի այնպիսի բան, որն իրենք երբևէ չեն էլ պատկերացրել», - հայտարարել է Թրամփը:

«Մեր ժողովրդի, մեր դաշնակիցների անվտանգությունը երաշխավորված է»

Ամերիկայի նախագահի խոսքերով, ինքը կգերադասի հարցերը կարգավորել բանակցությունների եղանակով, բայց ունի այլ որոշումներ իրականացնելու հնարավորություններ:

«Մեր ժողովրդի, մեր դաշնակիցների անվտանգությունը երաշխավորված է, ասեմ ձեզ՝ ավելի լավ է Փհենյանը սթափվի, այլապես կհայտնվի այնպիսի փորձանքի մեջ, որը քիչ երկրներ են տեսել այս աշխարհում», - սպառնացել է Թրամփը:

Ամերիկայի նախագահից հետո խնդրին է անդրադարձել նաև պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը:

«Կատաղած շունը» հորդորում է դեռևս բանակցել

Թեպետ զինված ուժերում նրա մականունը «Կատաղած շուն» է, Մաթիսը հայտարարել է առճակատումը դիվանագիտական եղանակով կարգավորելու նպատակահարմարության մասին:

«Իմ լիազորությունները, իմ պատասխանատվությունը հարկ եղած դեպքում ռազմական տարբերակներ ապահովելն է, բայց հիմա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ՄԱԿ-ում դեսպան Նիքի Հեյլին դիվանագիտական աշխատանքն են առաջ տանում, և ես կուզենամ, որ այդպես լինի, պատերազմի ողբերգությունը բոլորն են հասկանում, դա աղետ կլինի, այլ որակում չկա», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե մինչև օգոստոսի կեսը պատրաստ կլինի Գուամ կղզին Hwasong-12 տեսակի հրթիռներով հարվածի ենթարկելու ծրագիրը, ինչից հետո բանակը սոսկ կսպասի առաջնորդ Կիմ Չեն Ինի հրամանին: Այդ մասին ասել է Հյուսիսային Կորեայի բանակի ռազմավարական ուժերի հրամանատար գեներալ Կիմ Ռակ Գյոմը:

Hwasong-12 հրթիռի արձակումը՝ ուղերձ Վաշինգտոնին

Գուամն ամերիկյան տարածք է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում՝ Կորեական թերակղզուց մոտ 3 հազար 400 կիլոմետր հեռավորության վրա, և տեխնիկապես հասանելի է հյուսիսկորեական նոր հրթիռների համար:

The Washington Post պարբերականը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեան արդեն ստեղծել է միջուկային փոքր մարտագլխիկներ, որոնք հնարավոր է տեղադրել Hwasong-12 տեսակի միջմայրցամաքային հրթիռների վրա:

Փհենյանը հայտարարել է, թե Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը միայն հզոր ուժի լեզուն է հասկանում, ուստի անհրաժեշտ է նրան բացատրել, որ Հյուսիսային Կորեան կարող է նման գրոհներ իրականացնել:

Գեներալ Գյոմն ասել է, որ Փհենյանը կարող է արձակել Hwasong-12 տեսակի հրթիռ, որը կանցնի Ճապոնիայի վրայով և կընկնի Գուամ կղզուց 30-40 կիլոմետր հեռավորության վրա, և դա կլինի Թրամփին հասցեագրված խոսուն ուղերձ:

Թրամփը գովեստով է խոսել Ռուսաստանի և Չինաստանի մասին

Անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սահմանել է Փհենյանի նկատմամբ խիստ տնտեսական պատժամիջոցներ, որոնց հետևանքով այդ թշվառ երկիրը կզրկվի արտահանումից ստացվող եկամտի մոտ մեկ երրորդից:

Նախագահ Թրամփը գովեստով է արտահայտվել պատժամիջոցներն ընդունելու հարցում Ռուսաստանի և Չինաստանի աջակցության մասին:

Միաժամանակ, նա ասել է, որ Չինաստանը՝ իբրև Հյուսիսային Կորեայի վրա մեծ ազդեցություն ունեցող երկիր, պարտավոր է ավելի անել և պարտադրել Փհենյանին հրաժարվել միջուկային ու հրթիռային ծրագրերից:

Մնում է սեղմել ձգանը...

«Ռազմական լուծումներն արդեն կազմված են և պատրաստ իրականացման, մնում է սեղմել ձգանը՝ այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեան անխոհեմ գործի, հուսամ, Կիմ Չեն Ինը կընտրի այլ ճանապարհ»,- քիչ առաջ Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG