Մատչելիության հղումներ

Մոսկվան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում իրավիճակի կայունացման միջոցներ ձեռնարկել


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հուլիսի 4-ի միջադեպից հետո, որի հետևանքով զոհեր եղան խաղաղ բնակչության շրջանում, միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման և արյունահեղության դադարեցման համար: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից ստացված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 4-ի երեկոյան զորքերի շփման գծում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի հերթական խախտումը, որը հանգեցրել է մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության և երեխաների շրջանում: Ցավակցություններ ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին, անթույլատրելի ենք համարում հետագա արյունահեղությունը», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զախարովան:

«Կողմերին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը կայունացնելու համար և սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքը, որում ընդգծված է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Երեքշաբթի երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում 50-ամյա կին և 2 տարեկան երեխա է զոհվել, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Տեղի ունեցածի կապակցությամբ երեկ հրապարակած հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ արեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG