Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ համանախագահները տեղեկատվություն են ստացել հուլիսի 4-ին ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում տեղի ունեցած նոր բախումների մասին, որոնց հետևանքով եղել են զոհեր, այդ թվում՝ քաղաքացիականների շրջանում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել են Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ): - «Բռնությունը միայն նոր բռնություններ է հրահրում և ոչ մի արդյունքի չի հանգեցնում: Այս երկարաժամկետ հակամարտության հանգուցալուծման միակ պատասխանատու և մարդկային տարբերակը վերադարձն է բանակցությունների սեղանի շուրջ», - ասված է հայտարարությունում:

Համանախագահները նաև ցավակցություններ են հայտնել զոհերի հարազատներին:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG