Մատչելիության հղումներ

Պետք է պատժիչ գործողություններից անցնել կանխարգելման գործողությունների. Թևան Պողոսյան


«Պետք է այլևս պատժիչ գործողություններից քիչ-քիչ անցնել կանխարգելման գործողությունների», - «Ազատության» եթերում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում տիրող լարվածությանը։

«Ուրախ եմ, որ մերոնք ինչ-որ չափով զգոն են եղել, կարողացել են և՛ ճիշտ պատսպարվել, և՛ համապատասխան պատժիչ գործողություններ իրականացրել։ Պետք է քիչ-քիչ, նորից եմ ասում, անցնենք այլևս պատժիչ գործողություններից կանխարգելման գործողությունների», - ասաց Պողոսյանը։

Հարցին, թե որո՞նք պետք է լինեն կանխարգելման գործողությունները, Պողոսյանը պատասխանեց. - «Սա ունի հետևյալ տրամաբանությունը՝ առաջինը՝ միջազգային ատյաններին բացատրում ես, ասում ես՝ «քանի որ որևէ մեկը չի կարողանում նպաստի զինադադարի պահպանման ռեժիմին և չի կարողանում կյանքի կոչել Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի որոշումները, ես մնում եմ մենակ, իսկ եթե ես մենակ եմ, ես իմ քաղաքականությունն եմ նշում, թե ինչ գործողություններ ես կարող եմ անել․ օրինակ՝ սրանից հետո, եթե սահմանին կտեսնեմ երեք ադրբեջանցի, ստիպված կրակելու եմ»։

«Չէ՞ որ երկու թե երեք տարի առաջ մենք ասացինք, որ պատասխանից ուղղակի անցնում ենք պատժիչ պատասխանի։ Նույն քաղաքականության մասին մի քանի անգամ զինվորական իշխանությունները խոսեցին-խոսեցին, հետո իրավիճակը փոխվեց։ Նոր մոտեցումներ պետք է մշակեն, անեն, և սա գալիս է այն երևույթից, որ դու պետք է հասկանաս, որ մենակ ես», - ասաց փորձագետը։

Ըստ Պողոսյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն արձագանքում է, միայն երբ երկու կողմն էլ իրար վրա կրակել են․ - «Երբ որ մեկ կողմն է կրակած լինում, մենք չենք լսում հայտարարություններ, որովհետև իրենց հայտարարության ոճի մեջ կա հետևյալ տրամաբանությունը՝ երբ որ ասում էինք առաջ անատամ հայտարարություն՝ երկուսին ուղղված, հիմա դառնում է, որ դա ընդհանուր ընդունված քաղաքականություն է՝ իրենց շահերից ելնելով»։

Դիտարկմանը, թե մայիսին, երբ շփման գծում իրավիճակը կրկին լարվեց, համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ արձանագրեցին, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով, Թևան Պողոսյանն այսպես արձագանքեց. - «Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակել է, հենց հայկական կողմը պատասխանը տվել է՝ միանգամից հայտարարությունը եղել է, որտեղ Ադրբեջանի անունը առաջինն են ասել, բայց նույն ձևի կոչով դիմել են հայկական կողմին, որ խնդրում եմ դուք էլ զուսպ մնաք։ Եթե համանախագահների գործիքը սա է լինելու, մենք հասկանում ենք, որ այլևս կա տրամաբանություն դրա մեջ դրված, որտեղ «մեկնումեկդ կրակելուց հետո մյուսդ պատասխան տվեք, որ մենք կարողանանք այս հայտարարությունն անենք»։ Այլ պարագայում՝ եկան, այցելություն ունեցան, ասեցին, որ ինչ-որ բաներ է լինելու, լսել ենք, որ հեսա հուլիսին արտաքին գործերի նախարարները նորից են հանդիպելու, թեման էլի լինելու է Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելը, բայց այս տեսակի գործողություններով Ադրբեջանն ի՞նչ ցանկություն պետք է ունենա, որ որևէ այդ պայմանավորվածություն կյանքի կոչվի: Որովհետև արդեն քանիերորդ ամիսն է՝ լսում ենք, որ համաձայնվել են, բայց նորից իրենց դեսպանը ԵԱՀԿ-ում դեմ կամ վետո է կիրառում՝ «ինչի՞ համար կրակենք», մեկ շաբաթ լռում են, հետո նորից մի բան են անում։ Մենք պետք է ուղղակի մեր մտածելակերպը փոխենք և մեր վարքագիծը, մեր մտածելակերպը, մեր գործողությունները փոխելով՝ հույսներս միայն մեզ վրա դնենք»։

Նշենք, որ վերջին երկու օրվա ընթացքում շփման գծում իրավիճակը կրկին լարվել է։ Հուլիսի 4-ին ուշ երեկոյան Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդեց, որ տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերը կեսօրից սկսել են արկակոծել հայկական դիրքերը, իսկ արդեն երեկոյան Ֆիզուլիի ուղղությամբ գտնվող Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից հրթիռակոծել են հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետը։

Պաշտպանության բանակը պատասխան գործողությունների է անցել և հարվածել Ալխանլու գյուղում գտնվող կրակակետին։

Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտարարեց, որ շարունակելու են օգտվել պաշտպանվելու իրավունքից և անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի նախահարձակ գործողություններին թիրախային և անհամարժեք պատասխան են տալու։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ արեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG