Մատչելիության հղումներ

Համանախագահներ․ Պատերազմը տարբերակ չէ, բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական դիտարկման ժամանակ հատում են ղարաբաղյան շփման գիծը, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական դիտարկման ժամանակ հատում են ղարաբաղյան շփման գիծը, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ առանձին, ապա համատեղ հանդիպումներից հետո, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, այսօր հայտարարությամբ են հանդես եկել:

Միջնորդները հայտնում են, որ նախարարների հետ քննարկել են իրավիճակը շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին։ Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի և պատերազմը տարբերակ չէ, ու կոչ արել կողմերին զսպվածություն ցուցաբերել, բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։

«Համանախագահները կողմերին կոչ արեցին խստորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին, որոնք իրենցից ներկայացնում են ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքեր։ Համանախագահները հիշեցրեցին 2011 թվականին Դովիլում իրենց նախագահների համատեղ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն ավելի շատ տառապանք և ավերածություն կբերի ու կդատապարտվի միջազգային հանրության կողմից։ Համանախագահները կողմերին ներկայացրեցին իրենց տեսակետը այն քայլերի շուրջ, որոնք պետք է կատարվեն 2016 թվականի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված որոշումների իրականացման համար՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը», - ասված է հայտարարությունում:

Միջնորդները հայտնում են, որ արտգործնախարարների հետ հանդիպմանը ընդգծել են ավելի մեծ ճկունություն ցուցաբերելու և երկարատև կարգավորման հասնելու համար համապարփակ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը:

Համանախագահներն ընդունել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից վերջերս ադրբեջանցի զինծառայողի դին Ադրբեջանին վերադարձնելը մարդասիրական քայլ է։ Երկու արտգործնախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խստորեն հետևելու միջազգային մարդասիրական պարտավորություններին, այդ թվում՝ 2010-ի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընդունած հռչակագրում ամրագրված:

Հայտարարությունում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղում առաջիկա սահմանադրական հանրաքվեին, որի կապակցությամբ ասված է․ - «Համանախագահները տեղյակ են, որ Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին անցկացվելու է այսպես կոչված սահմանադրական հանրաքվե։ Նկատի ունենալով հանդերձ, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման ընթացակարգի կիրառումը դիտարկում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ոչ մի երկիր, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող հանգամանք։ Համանախագահները նաև ընդգծում են, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների ելքը»:

Միջնորդները հայտնում են, որ տարածաշրջան կայցելեն մարտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG