Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Ալիևը համաձայնել են շփման գծում ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են ընդունել, որում վերահաստատել են Վիեննայում մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այդ նպատակով նրանք համաձայնել են մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը:

«Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:

Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի: Համանախագահները հրավիրված էին ներկա գտնվելու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման եզրափակիչ հատվածին», - ասված է նախագահականի հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG