Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն կձևակերպի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով: Այս մասին, RT-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի պահպանման, կրակի դադարեցման մասին այն տեսքով, ինչ տեսքով դա ամրագրվել է դեռ նախորդ հարյուրամյակի 94-95 թվականների համաձայնագրերով: Պայմանավորվել ենք նաև այն մասին, որ ԵԱՀԿ-ն կձևակերպի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում, այն մասին, որ ԵԱՀԿ-ն նաև կօգնի լուծել անհետ կորածների խնդիրը և այն մասին, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն իրենց հաջորդ հանդիպման օրը և վայրը», - հայտարարել է Լավրովը:

Լրագրողներից մեկի հարցին` լարվա՞ծ էր արդյոք մթնոլորտը նախագահների հանդիպմանը և հնարավո՞ր է արդյոք որևէ փոխզիջում, Լավրովը պատասխանել է. - «Փոխզիջումը միշտ է հնարավոր: Եթե այդպիսի հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կդադարեցնեին դրանով զբաղվել: Մենք նպատակաուղղված ենք գործը ավարտին հասցնելու և շարժվելու առաջ դեպի հակամարտության լիակատար կարգավորում: Թերևս, հաշվի առնելով կողմերի միջև իրավիճակի լարվածությունը, հարկ կլինի դա անել փուլ առ փուլ: Եվ կարգավորման առաջին փուլի համաձայնեցման հնարավորությունները կան, դրանք ձևակերպվել են Ռուսաստանի միջնորդությամբ, որը գործել է համանախագահների ընդհանուր մոտեցումների շրջանակներում և ստացել է մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների աջակցությունը: Մենք հիմքեր ունենք կարծելու, որ հայկական և ադրբեջանական կողմերը տրամադրված կլինեն ձևակերպելու փոխզիջումը, իսկ մենք ամեն կերպ կաջակցենք դրան»:

Վիեննայի բանակցությունները կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հանդիպմանը ներկայացված են եղել ԱԳ նախարարների մակարդակով, իսկ Ֆրանսիան՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալի: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Միջնորդները պնդել են զինադադարի անշեղ իրագործման անհրաժեշտությունը

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Քերրի. «Բանակցությունները պետք է շարունակվեն»

Ղարաբաղյան հարցի շուրջ հանդիպումից առաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

​APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը իր մտահոգությունն է հայտնել վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ: Ընդգծելով, որ ԱՄՆ նախաձեռությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները որոշել են հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ, Քերրին անդրադարձել է այդ հանդիպման ընթացքում մի շարք հարցերի շուրջ որոշակի պայմանավորվածության հասնելուն: ԱՄՆ պետքարտուղարը ցանկություն է հայտնել, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ, ուժեղացնեն վստահության և փոխհամաձայնության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նա նշել է նաև, որ այդպիսով բանակցային գործընթացը կստանա կառուցողական տեսք:

«Բանակցությունները պետք է շարունակվեն»,- ընդգծել է պետքարտուղար Քերրին:

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին՝ հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու տվյալ հարցերի շուրջ բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG