Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չորեքշաբթի օրը Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն:

«Խոսքը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին ուղղված հատուկ հռչակագրի մասին է», - հանդիպման ավարտին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` հավելելով, որ փաստաթղթով ենթադրվում է «ռազմագերիների փոխանակություն եւ զոհվածների մարմինների վերադարձ»:

«Վերահաստատելով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության դրույթները` նախագահները ընդգծեցին, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորումը պահանջում է հետագա ջանքեր հրադադարի ռեժիմի եւ ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցների ամրապնդման ուղղությամբ», - ասված է համատեղ հայտարարությունում:

Արձանագրվում է, որ այդ նպատակով «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են որպես առաջին քայլ անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների մարմինների վերադարձ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Կարմի խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ»:

Ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի` «նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասներ` բանակցային աշխատանքը մինչեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը շարունակելու եւ հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով»:

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ եռակողմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են արտգործնախարարների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG