Մատչելիության հղումներ

Բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդեսը


Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ բացված ցուցահանդեսում իրենց ձեռքի աշխատանքները, պատրաստած զարդեղենն ու քաղցրավենիքը վաճառող սիրիահայերը «Ազատության» հետ զրույցներում ասում էին, որ ուրախանում են Հալեպից եկող վերջին լուրերով։

Երևանում ուշի-ուշով հետևում են հազարավոր կիլոմետրեր հեռու Հալեպում և դրա շրջակայքում կառավարական զորքերի և զինյալների միջև վերջին օրերին ծավալվող ռազմական գործողություններին։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ներկա էր ցուցահանդեսի բացմանը, «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ կառավարական բանակի վերահսկողության տակ կանցնեն Հալեպի բոլոր շրջանները․ - «Չեմ ուզում շատ խոսենք, բայց հուսանք, որ պետք է սկսված այս լավ լուրերը [շարունակվեն]․ ամբողջությամբ ազատագրվի Հալեպը, ամբողջությամբ մերոնք իրենց խաղաղությունը գտնեն, և օր առաջ կանխվի այն ցեղասպանությունը, որ կատարվում է Սիրիայում»:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին վերջին շրջանում հաջողվել է իրենց վերահսկողության տակ առնել Հալեպի արևելյան շրջանները, որոնց թվում է նաև Բոսթան Փաշա թաղամասը․ հալեպահայության շրջանում հայտնի արհեստավորների մեծ մասը, ինչպես նաև հայկական ծերանոցը հենց այս թաղամասում են գտնվում։

Սիրիայի ընդդիմությունը կորցրել է այս տարվա նոյեմբերի դրությամբ իր վերահսկողության տակ եղած տարածքի 75-80 տոկոսը: Միաժամանակ Ռուսաստանն ու Սիրիան մերժել են Հալեպում հրադադար հաստատելու՝ զինված ընդդիմության և արևմտյան երկրների կոչերը՝ հայտարարելով, որ ամեն ինչ կանեն քաղաքն ամբողջությամբ գրավելու և դրանով պատերազմի ընթացքի մեջ վճռական փոփոխություն մտցնելու համար:

«Հալեպի գրավումն ամբողջությամբ կփոխի Սիրիայի համար պատերազմի ընթացքը», - ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ալ-Վաթան» պարբերականին և հավելել. - «Դա չի լինի պատերազմի ավարտ, բայց կլինի հսկայական քայլ այդ ուղղությամբ»:

Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով հալեպահայության՝ պատերազմական գոտում մնալ-չմնալու խնդրին, ասաց, թե դա հալեպահայերի որոշելիքն է․ - «Արդյո՞ք նրանք ապահովագրված են, արդյո՞ք նրանք կարողանում են այդ պահին այնպիսի ապահով տարածք գտնել, որ իրենց կյանքը ապահովագրեն․․․ Բայց երբեք Հայաստանի կառավարությունը, պետությունը չի կարող մարդկանց ստիպել: Սակայն մեր հիմնական մոտեցումը հետևյալն է եղել․ եթե Հայաստանում են՝ օգնենք Հայաստանում նրանց խնդիրների լուծմանը, եթե Սիրիայում են՝ հումանիտար բեռներով, օգնություններով, ֆինանսներով, դպրոցները բաց պահելով օգնենք, որպեսզի մեր հայրենակիցները այնտեղ կարողանան իրենց գոնե գոյատևումը քիչ թե շատ ապահով լինի»:

Երևանում ապաստանած հալեպահայերին Սիրիայից եկող լուրերն ուրախացնում են, սակայն վերադառնալու մասին դեռ չեն մտածում:

Ջորջ Քեոշկերյանը, օրինակ, հետևելով Ասադի բանակի առաջխաղացմանը, չի շտապում Հալեպ տեղափոխել իր երկու երեխաներին, հորն ու կնոջը։ Նրա խանութն ու բնակարանը գտնվում են Ազիզյե թաղամասում, որտեղ հատկապես վերջին շրջանում հրթիռակոծվում էին նաև բնակելի շենքերը։

Ցուցահանդեսին արևելյան կերակրատեսակներ ներկայացնող Վաչե Անջողլյանի կարծիքով, սակայն, եթե Սիրիայում խաղաղություն հաստատվի, հալեպահայերի մեծ մասը կվերադառնա․ - «Հայաստանի մեջ տան վարձքերը ահռելի, աննորմալ սուղ են: Կարծում եմ, որ ով որ հաջողություն գտնե իրեն գործի մեջ Հայաստանում, և, անշուշտ, մեր հայաստանցի եղբայրները լավ ըլլան, մենք ալ լավ կըլնանք: Չեն երթար մեծամասնությունը, բայց գնացողն էլ ոչ թե էնդեղի սիրույն համար պիտի գնա: Իրա ապրուստը այնտեղ ավելի հեշտ ա դասավորվում, դրա համար կգնա»:

Ըստ Սփյուռքի նախարարության, արդեն 6 տարի շարունակվող պատերազմում շուրջ 150 հայ է զոհվել, 180-ը՝ վիրավորվել։ Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 16 հազար սիրիահայ։ Տարբեր տվյալներով, Սիրիայում 8-10 հազար հայ է մնացել։

XS
SM
MD
LG