Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողները պահանջել են ազատ արձակել երկրի ամենահամարձակ լրագրողին


Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով դատական լսումները այսօր ուղեկցվել են բողոքի ակցիայով:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի մոտ են հավաքվել Իսմայիլովայի մի խումբ գործընկերներ և Ալիևի վարչակազմից պահանջել են ազատ արձակել երկրի ամենահամարձակ լրագրողին։

«Մենք որոշել ենք հավաքվել այստեղ՝ պահանջելու ազատ արձակել Խադիջային։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ քաղաքացիական հասարակության նկատմամբ հարձակումներին և ազատ արձակել ճաղերի հետևում պահվող քաղբանտարկյալներին ու իրավապաշտպաններին», - «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ ասել է ցույցի մասնակիցներից մեկը։

Իսմայիլովայի գործընկերները, իրավապաշտպանները և մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ այսօրվա դատական նիստին նույնպես հնարավորություն չեն ունեցել մասնակցել։ Փոխարենը՝ դատարանի հրավերով նիստին է ներկայացել ոմն Ռամելա Հուսեյնովա, ով որպես վկա ցուցմունք է տվել Խադիջա Իսմայիլովայի դեմ, թեև Իսմայիլովան հայտարարել է, որ չի ճանաչում այդ կնոջը և նախկինում երբեք չի հանդիպել։

39-ամյա լրագրողը, ում լրագրողական գործունեության թիրախում հիմնականում Ալիևների ընտանիքի բիզնեսների բացահայտումն է եղել և ով միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, Ադրբեջանի իրավապահների կողմից մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, հարկերից խուսափելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Բացի այդ, նա անցնում է նաև իր նախկին գործընկեր Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի հասցնելու գործով, թեև Մուստաֆաևը հետագայում հրաժարվել է ցուցմունքից՝ հայտարարելով, որ նման բողոք է ներկայացրել իրավապահների ճնշման արդյունքում։

Այսօրվա նիստին Իսմայիլովան դատարանից պահանջել է հրավիրել Մուստաֆաևին և հարցաքննել։ Լրագրողը հերթական անգամ պահանջել է թույլ տալ հանդիպել մորը, ինչպես նաև ապահովել օրական 2 ժամ մաքուր օդ շնչելու իր իրավունքը, սակայն դատարանը անարձագանք է թողել բոլոր այս պահանջները։ Լրագրողը ներկայացրել է իր դժգոհությունները դատարանի կազմի վերաբերյալ՝ պահանջելով փոխել դատավորներին։

«Դատավոր Ռամելլա Ալլահվերդիևայի նախագահությամբ ընթացող դատավարությունն անցնում է ընդգծված շտապողականությամբ», - հայտարարել է Իսմայիլովան՝ նշելով, որ արդյունքում խախտվում են իր իրավունքները, քանի որ չի հասցնում ինքն իրեն պաշտպանել։ - «Դատավորները շտապում են, հրաժարվելով ուսումնասիրել իմ ներկայացրած փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են հետաքննության համար։ Ինչպես հասկանում եմ, Ռամելլա Ալլահվերդիևային արձակուրդի իրավունք չեն տա, մինչև նա ավարտին չհասցնի այս գործը։ Ամառն ավարտվում է, և ես չեմ ուզում հապճեպ դատվել։ Ես կարող եմ սպասել։ Դատավորները կարող են նորմալ շարունակել դատական լսումները իրենց արձակուրդներից հետո», - հայտարարել է լրագրողը։

Ի դեպ՝ Իսմայիլովայի գործը քննող դատավորը՝ 65-ամյա Ռամելլա Ալահվերդիևան, ծնունդով Ստեփանակերտից է։ Նա իր աշխատանքային կարիերան սկսել է այն ժամանակ ԼՂԻՄ մարզային դատարանում, հետո տեղափոխվել է Շուշիի շրջանային դատարան և ղարաբաղյան շարժումը սկսելուն պես փոխադրվել Ադրբեջանի մայրաքաղաք։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն թաքցնում իրենց հակակրանքը այս դատավորի նկատմամբ ոչ միայն այն բանի համար, որ վերջինիս են վստահում, մասնավորապես, Ալիևների ընդդիմախոսների դատական գործերը և ինքն էլ ջանք չի խնայում ամենախիստ պատժաչափերը ընտրելու հարցում, այլ նաև Ղարաբաղում աշխատած տարիներին ընդունած մի շարք որոշումների համար։ «Ազատլըղ» ադրբեջանական թերթը, հղում անելով արխիվային փաստաթղթերի, գրում է , որ դատավոր Ալահվերդիևան 1989-1990 թվականներին Ղարաբաղում դատարանից ազատ է արձակել ոմն Սանդրյանի, ով մեղադրվում էր խոշոր չափի գումարների յուրացման մեջ, ով նաև հայտնի էր, որպես Ղարաբաղի ազատագրական շարժումը սկսած ԿՌՈՒՆԿ կոմիտեի ֆինանսական հովանավոր։

XS
SM
MD
LG