Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների 16 սենատորներ նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ իրենց մտահոգությունը հայտնելով այդ երկրում քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների բանտարկությունների, քաղաքացիական հասարակության գործունեության, ինչպես նաև մամուլի, խոսքի ազատության սահմանափակումների կապակցությամբ, այդ թվում հիշատակելով նաև «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակումը:

Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Դըրբինի նախաձեռնությանը միացել են ևս 15 սենատորներ՝ թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցություններից:

Սենատորները իրենց նամակում շեշտում են ազատազրկման դատապարտված վեց մարդու անուններ՝ Անար Մամադլի, Լեյլա և Արիֆ Յունուսներ, Ինթիգամ Ալիև, Ռասուլ Ջաֆարով և Խադիջա Իսմայիլովա:

Սենատորներն ընդգծում են, որ բանտարկված ակտիվիստներին ազատելով կվերանա այն լուրջ խոչընդոտը, որը խանգարում է ուժեղացնել ԱՄՆ - Ադրբեջան հարաբերությունները: Նրանք նշում են Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակման, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների մուտքը Ադրբեջան արգելելու մասին:

«Առավել տագնապալից են Ձեր կառավարության ջանքերը՝ Ադրբեջանում ճնշելու ազատ մամուլը, ինչի վկայությունն է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը փակելը և հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանտարկությունը», - գրել են ամերիկացի սենատորները՝ հավելելով․ - «Անցած դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները կապարակնքեցին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը՝ կեղծ մեղադրանքներով, որոնք պարզորոշ օգտագործվեցին որպես գործիքներ մամուլի ազատությունը ճնշելու համար: Գրասենյակը վերաբացելու՝ մի քանի ամսվա բանակցային փորձերից հետո, դժբախտաբար, հայտարարվեց, որ գրասենյակը մշտապես փակվում է»:

Սենատորները շեշտում են, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաքելությունն է ազատ տեղեկատվությամբ և լուրերով ապահովել քաղաքացիներին, որոնք հակառակ դեպքում կսահմանափակվեն միայն պաշտոնական մամուլի հաղորդագրություններ ստանալով:

«Դեկտեմբերից սկսած, երբ փակվեց «Ազատության» գրասենյակը, մենք տագնապալից հաղորդումներ ենք լսել աշխատակազմի անդամների շարունակվող հետապնդումների, ձերբակալվելու վախով ապրելու մասին: Ինչ վերաբերում է Խադիջա Իսմայիլովայի գործին, ապա հունիսի 5-ին լրացավ նրա բանտարկության վեց ամիսը, որը հերթական անգամ երկարաձգվեց մինչև օգոստոսի 24-ը», - ասված է նամակում:

«Անցյալ տարվա ընթացքում իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ մշտապես մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության՝ ներառյալ մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումների մասին: Մենք միանում ենք նրանց և Ձեզ կոչ ենք անում հարգել այդ հիմնարար իրավունքները, ավելի հանդուրժող մթնոլորտ ձևավորել ազատ մամուլի համար, ինչպիսին է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել կալանավորված կամ բանտարկված լրագրողներին, ակտիվիստներին, քաղաքացիական հասարակության առաջնորդներին: Այդ քայլով կվերանա ԱՄՆ - Ադրբեջան հարաբերությունները ուժեղացնելու լուրջ խոչընդոտը», - Իլհամ Ալիևին գրել են ամերիկացի սենատորները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG