Մատչելիության հղումներ

Այսօր պետք է մեկնարկի Խադիջա Իսմայիլովայի դատավարությունը


Խադիջա Իսմայլովա, արխիվ
Խադիջա Իսմայլովա, արխիվ

Փորձագետները շեշտում են՝ Բաքուն ցանկանում է պատժել լրագրողին Ադրբեջանի վերնախավի հանցավոր գործարքները բացահայտելու համար։

Հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան անցյալ տարվա դեկտեմբերի 5-ից գտնվում է Բաքվի բանտում։ Նա մեղադրվում է քաղաքացի Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի հասցնելու, զրպարտության, հարկերից խուսափելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ապօրինի բիզնեսով զբաղվելու մեջ։

Ուշագրավ է, որ Մուստաֆաևը հետագայում հրաժարվել է իր ցուցմունքից, սակայն Իսմայիլովայի խափանման միջոցը չեն փոխել։

Այսօր սկսվում է Իսմայիլովայի դատավարությունը։ Ըստ փորձագետների, իշխանությունը պարզապես ցանկանում է պատժել լրագրողին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության (Radio Azadliq) եթերում, արտասահմանյան վերլուծական պարբերականներում և համացանցում երկրի ղեկավարներին քննադատելու, վերնախավի հանցավոր և կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար։

Իսմայիլովայի քննադատության թիրախներից մեկը նախագահ Իլհամ Ալիևի գերդաստանն է։

2010 թվականի օգոստոսին լրագրողը հրապարակել է նյութեր, որոնք ապացուցում են, որ ազգային ավիափոխադրողի` AZAL ընկերության համակարգի առանձին օղակների մասնավորեցման ընթացքում տեղի են ունեցել աղաղակող ապօրինի գործարքներ։

AZAL ընկերության բանկը սեփականացրել են ընկերության նախագահի կինը` Զարիֆա Համզաևան և Ադրբեջանի նախագահի դուստրը` Արզու Ալիևան։

2012 թվականին Իսմայիլովան հրապարակել է վերլուծություն, որի համաձայն՝ նախագահ Ալիևի ընտանիքը մեծ եկամուտ է ստացել «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար նախատեսված Crystal Hall մարզահամերգային համալիրի կառուցումից, որի գինը 134 միլիոն դոլար էր։

Համալիրը պաշտոնապես կառուցել է Alpine Bau Deutschland AG գերմանական ընկերությունը, մինչդեռ իրական կապալառուն Ալիևներին պատկանող Azenco ընկերությունն էր։

Իսմայիլովան պարզել է նաև, որ միայն 2010 թվականին Azenco-ն 79 միլիոն դոլարի պետպատվեր է ստացել։

2012 թվականին Իսմայիլովան հրապարակել է վերլուծություն, ըստ որի՝ կառավարությունն Ալիևի գերդաստանին պատկանող ընկերությանն է շնորհել ոսկու հանքերն արդյունահանելու իրավունքը։

2014-ին էլ հետաքննող լրագրողը պարզել է, որ նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը` Լեյլան և Արզուն խոշոր բաժին ունեն Ադրբեջանի բջջային կապի բիզնեսում։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման հետաքննական կենտրոնի (OCCRP) խմբագիր Դրյու Սալիվանի փոխանցմամբ, Խադիջա Իսմայիլովայի հրապարակումները չափազանց մեծ արձագանք են ունեցել։

«Նա առաջինն էր, ով խոսել է իշխող գերդաստանի ապօրինի բիզնեսի մասին և փաստեր է ներկայացրել։ Պետական պրոպագանդան կարող է մոլորեցնել մարդկանց, բայց երբ փաստեր ու փաստաթղթեր ես տեսնում` այլևս չես կարող թաքցնել։ Այն, ինչ արեց իշխանությունը Խադիջայի նկատմամբ, ապացուցում է, որ լրագրողի աշխատանքը ազդեցություն ուներ», - ասել է Սալիվանը։

Նախքան ձերբակալությունը, Իսմայիլովան ենթարկվել է հալածանքների, համապատասխան ծառայությունները նրա հասցեին սպառնալիքներ են հնչեցրել, տգեղ և էժան քայլերով փորձել են վարկաբեկել լրագրողին, միջամտել նրա անձնական կյանքին:

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին լրագրողը կարողացել է մի նամակ փոխանցել ազգականներին և գործընկերներին։ «Դուք գիտեք, թե ինչու եմ ես բանտում, իրական պատճառը կոռուպցիայի փաստերի բացահայտումն է։ Ռեպրեսիվ ռեժիմի սխալները մատնացույց անելու միակ ուղին կոռուպցիան բացահայտելն է և ճնշումներին ենթարկվող մարդկանց իրավունքները պաշտպանելը։ Այո, դրա համար պետք է վճարես, բայց դա արժե այդ գինը»,- գրել է Իսմայիլովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG