«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով անցած տարվա դեկտեմբերից անազատության մեջ է, դարձել է Էլիսոն Դես Ֆորգսի անվան հեղինակավոր մրցանակի չորս դափնեկիրներից մեկը։ Այդ մասին հայտնում է Human Rights Watch-ը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության համաձայն, մրցանակին արժանացել են նաև իրավապաշտպան Նիշա Այուբը՝ Մալայզիայից, լրագրող Յուրա Բադերը՝ Սիրիայից, և իրավապաշտպան Նիկոլաս Օփիյոն՝ Ուգանդայից։
«Էլիսոն Դես Ֆորգսի անվան մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր արիաբար պայքարում են մարդու իրավունքների համար՝ հաճախ վտանգավոր իրավիճակներում և անձնական մեծ զոհաբերությունների գնով», - հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։
Էլիսոն Դես Ֆորգսը գրեթե 20 տարի եղել է Human Rights Watch-ի ավագ խորհրդատուն, մահացել է 2009 թվականին՝ ավիավթարից։ Նա եղել է Ռուանդայի 1994 թվականի ցեղասպանության հարցով առաջատար փորձագետներից մեկը։ Էլիսոն Դես Ֆորգսի անվան մրցանակը հիմնվել է ի հիշատակ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրա նվաճումների։