Մատչելիության հղումներ

Հալեպի հայաբնակ թաղամասերը՝ պատերազմի օղակի մեջ


Սիրիա -- Մարդիկ փորձում են ռմբակոծության հետեւանքով փլված շինություններից դուրս բերել իրենց հարազատներին, Հալեպ, 30–ը մարտի, 2013թ.
Սիրիա -- Մարդիկ փորձում են ռմբակոծության հետեւանքով փլված շինություններից դուրս բերել իրենց հարազատներին, Հալեպ, 30–ը մարտի, 2013թ.
Սիրիայում շարունակվող արյունալի բախումներից մինչ այժմ քիչ թե շատ հեռու մնացած Հալեպի հայաբնակ թաղամասերի շուրջ պատերազմական օղակը օրըստօրե սեղմվում է։

«Հայաբնակ Վիլլաններ կոչվող թաղամասի հայերը թողել են տներն ու փախել»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց անցած տարեվերջին ընտանիքով Հայաստան տեղափոխված Ալեքսան Սողոմոնյանը, ով տարբեր ուղիներով թարմ տեղեկատվություն է ստանում հարազատ Հալեպից։

Վիլաններ կոչվող թաղամասը այս տարեսկզբին դեռեւս հեռու էր հակամարտությունից:

Իրավիճակն Հալեպում այնքան վատ է, որ ավանդապահ հայկական համայնքի շատ ներկայացուցիչներ երեկ փակված են մնացել տներում՝ խուսափելով անգամ Սուրբ Զատիկը տոնելու համար եկեղեցի գնալուց։

Տարեսկզբին Սիրիայից ընտանիքով ցամաքային ճանապարհով Հայաստան փախած Նիկողոս Քուլաջյանն ասում է, որ մեծ դժվարությամբ երեկ ինտերնետի միջոցով կարողացել է զրուցել հարազատների հետ, ովքեր պատմել են, որ Հայոց առաջնորդարանը անվտանգության նկատառումներից ելնելով՝ հայերին խորհուրդ է տվել եկեղեցի չայցելել։

«Ռմբակոծում կա, հայկական շրջաններին շատ մոտ է։ Եկեղեցուն մեկ ռումբ եկել է», – պատմում է Քուլաջյանը՝ նկատի ունենալով Հալեպի Աստվածածին եկեղեցին, որն անցած շաբաթավերջին վնասվել էր ռմբակոծություններից:

«Բախումները հասել են հայկական թաղամասեր, վախի մթնոլորտն ավելի է սրվել»,- նրան պատմել են հարազատները:

Սիրիահայ, Արաբական էմիրություններում տպագրվող «Ազատ-Հայ» կայքի խմբագիր Հրաչ Քալսահակյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նշում է, որ Հալեպից դուրս գալու համար սովորական ճանապարհներ չեն մնացել, դրանք վտանգավոր են, ամեն քայլափոխի յուրաքանչյուր ոք կարող է առեւանգվել կամ սպանվել։

Քալսահակյանը նշում է, որ այն թաղամասերը, որոնք անցնում են ընդդիմադիրների ձեռքը, ռմբակոծվում են կառավարական զորքերի կողմից: Ուստի հայկական համայնքի շրջանում որոշ մտահոգություն կա, որ ընդդիմադիրների ձեռքը անցնելուց հետո իրենք կզրկվեն իրենց տներից, գույքից, ունեցվածքից, չնայած շատերը հավատում են, որ նման բան չի պատահի ու դեռ հույս ունեն, որ կառավարական ուժերը նման զարգացում թույլ չեն տա: Անցած տարեվերջից փակված Հալեպի օդանավակայանի բացման մասին իշխանությունները դեռեւս չեն խոսում, միայն հայտարարել են, թե այն փակել են նորոգման նպատակներով:

«Ընդհանրապես այդ շրջանը ընդդիմադիրների ձեռքի տակ է հիմա։ Ես չեմ կարծում, որ կարելի է օդակայանը բացել այդ առումով», – մանրամասնում է Քալսահակյանը։

Սիրիայից հեռացած հայերը, ովքեր շարունակում են մտահոգվել իրենց հայրենակիցների ճակատագրով Հալեպում, ասում են, որ մեծ դժվարությամբ են կարողանում կապ հաստատել հարազատների հետ, ովքեր գտնվում են շատ վատ վիճակում՝ օրեր շարունակ էլեկտրաէներգիա չկա, խմելու ջուրը միացվում է օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ, առաջին անհրաժեշտության ապրանքները եռակի թանկացել են:

Շուրջ երկու տարի տեւող հակամարտության հետեւանքով Սիրիայում զոհվել է ավելի քան 70.000 մարդ, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: Հայերի շրջանում զոհերի թիվը հասնում է 4 տասնյակի: Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, դեռեւս նորություն չկա մարտի 26-ից առեւանգված երկու հայերից ՝ ֆաբրիկատեր Արտո Ստամբուլյանից եւ ավտոմասերի վաճառական Հարութ Թյուֆենկչյանից:
XS
SM
MD
LG