Մատչելիության հղումներ

Արտոնյալ պայմաններով վարկ ստացած սիրիահայերը նաեւ հարկային արտոնություններ են ուզում


Սիրիահայերը տեղափոխվում են Հայաստան, արխիվ
Սիրիահայերը տեղափոխվում են Հայաստան, արխիվ
Սիրիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերը, ովքեր մտադրություն ունեն սեփական գործը ձեռնարկել հայրենիքում, ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը իրենց որոշ ժամանակով հարկերից կազատի:

Այս ակնկալիքի հիմքը Սիրիայի կառավարության գործելաոճին է, որը սիրիահայ գործարարների խոսքերով` նոր գործ ձեռնարկողին որոշ ժամկետով ազատում էր հարկերից՝ թույլ տալով ամրապնդվել ու կայանալ:

Հալեպում փայտամշակման արտադրությունում երկար տարիների փորձ ունեցող Հրայր Ակիլյանը որոշել է գործը տեղափոխել Երեւան: Այժմ հայաստանցի գործընկերոջ հետ սպասում է պատվիրված հաստոցներին: Հրայրի հիմնական մտահոգությունը հարկային բեռն է, ինչը, նրա կարծիքով, Հայաստանում նոր գործ սկսողի համար առաջին խոչընդոտն է: Սիրիահայերն այս խնդիրը առավել սուր են ընկալում, քանի որ չեն ճանաչում հայաստանյան շուկան, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է նա․ - «Խեղդում չէ, բայց ճնշում է։ Այսինքն, երբ որեւէ մեկը բիզնես է սկսում, սկզբի շրջանում, գոնե երեքից վեց ամիս, որպեսզի շունչ առնեք, գիտենաք աջից, ձախից ինչ կպատահի, մանավանդ, որ մեր պարագայում տարբեր մշակույթ, տարբեր մտածելակերպ, տարբեր երկիր․․․»։

Հրայրը պատմում է, թե առայժմ հարկային մարմիններից իրեն չեն այցելել: Նա եւս լսել է Հայաստանում առկա կոռուպցիոն խնդիրների մասին: Հալեպահայ գործարարը զուգահեռներ է անցկացնում Սիրիայի ու Հայաստանի գործարար ոլորտի միջեւ․ - «Միակ զուգահեռ գիծը, որ կա Սիրիայի եւ Հայաստանի գործի պարագայում, այդ է, որ այնտեղ էլ կաշառք կա, այստեղ էլ։ Լսել եմ, որ կաշառք կա, բայց մինչեւ այժմ երբեք այդպես շփում չեմ ունեցել»։

Նկատենք, որ Հայաստանի կառավարությունը սիրիահայերի նկատմամբ արտոնյալ քաղաքականություն է վարում: Հրայրը մեկն է այն 31 գործարարներից, ովքեր Հայաստանի կառավարությունից արտոնյալ վարկ են ստացել:
Կառավարությունը 100 միլիոն դրամ է հատկացրել սիրիահայ գործարարների՝ խրախուսելու հայրենիքում նոր գործ սկսելու նրանց նախաձեռնությունը: Ամեն մի գործարարի հատկացվել է մինչեւ 5 միլիոն դրամի վարկ արտոնյալ պայմաններով՝ մինչեւ 5 տարի ժամկետով տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով: Այս գումարը թեեւ բավարար չէ զարկ տալու փայտամշակման արտադրությանը, բայց Ակիլյանին կօգնի մի քանի հաստոց ներմուծել:

Մինչ վարկավորումը, գործարարները Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում մասնակցել են դասընթացների՝ ծանոթանալով հայաստանյան օրենսդրությանը, վարկավորման մանրամասներին: Նրանց այսօր վկայական տրվեց, իսկ առաջիկայում արդեն կֆինանսավորվեն կենտրոնին ավելի վաղ ներկայացրած բիզնես նախագծերը:

Հալեպահայ Կարապետ Ջուքարյանի ներկայացրած բիզնես նախագիծը եւս կֆինանսավորվի: Ջուքարյանի ընտանիքը արդեն 50 տարի է Հալեպում զբաղված է ռետինների արտադրությամբ: Կարապետն ասում է, որ իրենց մատուցած ծառայությունը կտարբերվի Հայաստանում գործողներից, իսկ կառավարության հատկացրած գումարը որոշակի հարցեր կլուծի, հատկապես, երբ Հալեպից չեն կարողանում Հայաստան տեղափոխել աշխատանքային գործիքները։

«130 հաստոցների գումար է պետք, որ այնտեղից չկարողացանք դուրս հանել այդ հաստոցները։ Տեղը փակ է, չենք կարողանում մոտենալ», - պատմում է Ջուքարյանը։

Ինչպես Կարապետն ու Հրայրը, այնպես էլ Հայաստանում հաստատված մյուս սիրիահայ գործարարները հույս ունեն, որ իրենց ձեռնարկած գործը չի ձախողվի, թեեւ նրանք լսել են Հայաստանում բիզնես սկսելու բարդությունների ու դժվարությունների մասին: Հրայրը պատրաստվում է նաեւ արտադրանքը արտահանել՝ օգտագործելով Հալեպում ձեւավորված գործարար կապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG