Մատչելիության հղումներ

Սիրիահայերի հավաքատեղին Երեւանում


Սիրիահայերի հավաքատեղին Երեւանում
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Երեւանի կենտրոնում գտնվող նորաբաց «Օրիենտո» ռեստորանը Սիրիայի պատերազմից Հայաստան տեղափոխվածների համար յուրահատուկ հավաքատեղի է դարձել:

Երկու ամիս չկա, ինչ հայաշատ Հալեպում գտնվող համանուն սրճարանին Հայաստանում փոխարինում է նորաբաց այս ռեստորանը. այն սիրիահայերին հիշեցնում է հարազատ Հալեպը: Այստեղ ամենուրեք զգացվում է արեւելյան շունչը` ձեւավորումը, ուտեստները արեւելյան են, աշխատողներն էլ սիրիահայեր են, որոնք հյուրերին պատվում են արեւմտահայերենով կամ արաբերենով:

«Ինչ որ Հալեպում կա, նույնն էլ այստեղ է», - ասում է ռեստորանի մենեջերը` հալեպահայ Թամարա Երանոսյանը:

Երանոսյանը իր բազմաթիվ հայրենակիցների պես Սիրիայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների պատճառով լքել է Հալեպը: Չորս ամիս է, ինչ Թամարան ամուսնու եւ երկու երեխաների հետ Երեւանում վարձով է բնակվում: Եթե Հալեպում բարեգործական հիմունքներով էր աշխատում, ապա ընտանիքը պահելու համար Հայաստանում ստիպված է եղել գործ գտնել: Ռեստորանի քսան աշխատողներն էլ Սիրիայից են, «Օրիենտո»-ի սեփականատերը այս կերպ նպատակ ունի նրանց աջակցել:

Ռեստորանի բարմենը` 28-ամյա Նազոն եւս Հալեպից է: Պատերազմը փոխեց նրա ծրագրերը, նորակառույց տան դռները փակել ու հարսնացուի հետ Հայաստան է տեղափոխվել: Նախկին ոսկերիչն այժմ բարմեն է աշխատում, որպեսզի կարողանա բնակարանի վարձ տալ ու օրվա ապրուստը հոգալ:

«Հիմա գործը լավ է, աշխատավարձը հերիքում է, չնայած մեծ գումար չէ, լավ է, կարեւորը` գործ կա, գործ չունենալուց լավ է», - ասում է Նազոն:

Ռեստորանի սեփականատերը սիրիահայ Թոմաս Բաղդոյանն է: Նա ընտանիքով մի քանի տարի առաջ է տեղափոխվել Երեւան: Թոմասը եւս նշում է, որ ռեստորանը բացելու նպատակը սիրիահայերին մի հարկի տակ հավաքելն է: Սիրիայից հատուկ արաբ խոհարարի է հրավիրել Հայաստան, որպեսզի իր սիրիահայ հյուրերը չմոռանան Հալեպի համն ու հոտը:

Առիթների ու տոների ժամանակ այստեղ բոլոր սեղանները նախօրոք են զբաղեցվում: Սիրիահայ երգիչն ու պարուհիները եւս հիշեցնում են Սիրիան, իսկ ռեստորանի սեփականատիրոջ արաբերեն երգը ավելի է ջերմացնում մթնոլորտը:

Թոմասն ասում է, որ գործող հարկային օրենսդրությունը չի նպաստում ու չի խրախուսում գործարարությանը: Նա առաջարկով դիմել է սփյուռքի նախարարություն, որպեսզի դյուրացնեն իր հարկերը: Խնդիրն այն է, որ անկախ սեղանների քանակից ու պատվերներից, ըստ ռեստորանի տարածքի պարտավոր է ամսական հաստատագրված հարկ վճարել:

«Երանի այնպիսի օրենքներ կիրառեն, որ ոչ մեկը չխուսափի հարկ վճարելուց, ոչ թե զոռով վճարի: Երանի նման օրենք ընդունեին, որ ենթադրենք, ես աշխատում եմ, ունեմ սեղան, քսան տոկոսը գնա պետությանը: Երբ որ ես աշխատում եմ, տամ, բայց երբ որ չեմ աշխատում, ինչպե՞ս կարող եմ տալ: Շատ դժվար է», - ասում է նա` հավելելով. - «Եթե օրենքով աշխատես, հաստատ կաղքատանաս»:

«Մատերիալը թանկ է, մանավանդ ձմռանը շատ թանկ է, պլյուս հարկային դաշտ, պլյուս գույքահարկ, պլյուս թաղապետարան, պլյուս ամեն վայրկյան մեկը մտնում-ելնում է: Բոլորը փող են ուզում», - ասում է ռեստորանի սեփականատերը:

Սփյուռքի նախարարությանն ուղղված Թոմասի նամակը փոխանցվել է հարկային տեսչություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG