Մատչելիության հղումներ

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա Երևան և կշարունակի իր աշխատանքը:

Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում պատասխանելով լրագրողի հարցին՝ նման հայտարարություն արեց մեր երկրում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Ռոման:

Նա ընդգծեց, որ Ուկրաինան մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ կամ իջեցնել հարաբերությունների մակարդակը:

Մարտի 19-ին Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հայտնի հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ անդրադառնալով Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին, Սերժ Սարգսյանը արձանագրել էր, որ «այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը», պաշտոնական Կիևը հայտարարեց, որ հետ է կանչել Երևանում իր դեսպանին՝ մինչև հայկական կողմը չհստակեցնի իր դիրքորոշումը՝ ճանաչու՞մ է արդյոք Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:

«Եթե խոսենք երկկողմ հարաբերություններից, այո՛, այժմ [դեսպանը] Կիևում է: Կարելի է ասել, որ նա այնտեղ է խորհրդակցությունների նպատակով: Այդպիսի որոշում էր կայացվել: Այն, ինչ տեղադրվել է [Հայաստանի] նախագահի կայքէջում, մենք գնահատել ենք այնպես, ինչպես գնահատել ենք: Այլ բան է, որ դրա վերաբերյալ մեկնաբանություններ կան, թե դա որևէ կապ չունի [Ղրիմում] տեղի ունեցած հանրաքվեի հետ: Ուղղակի գոյություն ունի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը և Հայաստանի համար այն առաջնային է արդեն 22 տարի: Բայց եթե չլինեին այլ քվեարկություններ, օրինակ, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում, ուր Հայաստանը Ռուսաստանի հետ միասին «դեմ» քվեարկեց: Ցուցիչ կլինի այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում տեղի ունենալիք քվեարկությունը այն բանաձևի շուրջ, որը վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Բայց ցանկացացած դեպքում․․․ ես այսպես կասեի, ինչքան այս պահին ինձ է հայտնի է՝ մեր երկիրը տրամադրված չէ Հայաստանի նկատմամբ գնալ որևէ այլ դեմարշի: Մենք այստեղ՝ մեր պաշտոնական հանդիպումների ժամանակ փորձագետներին և հայաստանյան հանրությանը փորձում ենք ասել, որ կան որոշակի ուժեր, որոնք փորձում են կռվեցնել Հայաստանին և Ուկրաինային, հայ և ուկրաինացի ժողովուրդներին: Եկեք մենք այդ ամենը մի կողմ դնենք ու մեր հարաբերությունները պարզենք ինքներս՝ առանց որևէ արտաքին ազդեցության: Ավելին ասեմ՝ գործնականում մենք բոլոր այդ հարցերում պարզություն ենք մտցրել: Հաջորդ շաբաթ [Ուկրաինայի] դեսպանը կլինի Հայստանում և կշարունակի աշխատանքը»:

Իգոր Ռոմանը շարունակեց, թե «կան որոշ գործընթացների, որոնց առնչությամբ [Ուկրաինայի] արտգործնախարարությունը չէր կարող չարձագանքել, որովհետև ոչ միայն կար Հայաստանի նախագահի հայտարարությունը, այլև հստակ քվեարկություն տարբեր ատյաններում, ուր Հայաստանը հստակորեն որդեգրում է Ռուսաստանի դիրոքոշումը»:

«Անգամ եթե առանց խոսքերի, ուղղակի քվեարկում են Ռուսաստանի պես, մենք հասկանում ենք, որ սատարում են այն գործընթացները, որոնք Ռուսաստանը մեզ պարտադրել է Ղրիմում», - ընդգծեց Ռոմանը:

Հարց հնչեց՝ եթե այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը քվեարկի այնպես, ինչպես Ռուսաստանը, արդյո՞ք Ուկրաինայի դեսպանը չի վերադառնա Երևան:

«Դեսպանի վերադարձը կմնա ուժի մեջ: Ես գործնականում վստահ եմ այդ բանում: Չգիտեմ, թե ինչ որոշում կկայացվի, որովհետև [Ուկրաինայի] արտաքին գործերի նախարարի մոտ դեռ խորհրդակցություն է լինելու, որոշակի ալգորիթմ է մշակվելու, թե Հայաստանի հետ մեր հարաբերությունները ինչպիսին են լինելու: Բայց նորից՝ այն, ինչ ես այս պահին գիտեմ՝ մեր երկիրը մտադիր չէ իջեցնել Երևանում մեր դիվանագտական ներկայացուցչության մակարդակը, այսինքն՝ դեսպանը կշարունակի այստեղ աշխատել: Այստեղ դեսպանություն կլինի, և ոչ ոք չի խզի դիվանագիտական հարաբերությունները: Մենք նման շահ չուենք, վստահ եմ՝ նման շահ չունի նաև Հայաստանը»:

Քիչ անց Ուկրաինայի դեսպանության խորհրդականը խոսեց Հայաստանի նկատմամբ գործադրված արտաքին ճնշման մասին:

«Բոլոր ազդանշանները ոչ ուղղակի ձևով, բայց հասնում են մեզ Հայաստանի իշխանություններից, որ կան որոշակի նրբություններ երկկողմ հարաբերություններում՝ հաշվի առնելով Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի հետ: Իհարկե, մենք դա հաշվի ենք առնում և փոխանցում ենք Կիև: Ավելի ասեմ՝ Երևանում Ուկրաինայի դեսպանությունը առաջարկում էր այս փուլում Կիև չկանչել [մեր] դեսպանին, որովհետև մենք ավելի լավ գիտենք այստեղ տեղի ունեցող գործընթացները: Մենք փորձում էինք բացատրել․․․ ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանի իշխանություններից: Խոսքը ոչ միայն այն ազդանշանների մասին է, որոնք վերաբերում են Ադրբեջանին, այլև կան այս աշխարհի ուժեղները, որոնք ազդում են գործընթացի վրա, անգամ եթե ոչ ուղղակի ձևով: Հայաստանը առանց այդ էլ չեզոք էր, չնայած մենք հասկանում ենք, որ կար որոշակի ճնշում: Ոչ ոք չի զանգահարել, ինչ-որ բան չի ասել: Կա Հայաստանի տեղի ու դերի մասին պատկերացում Ռուսաստան-Ուկրաինա-Հայաստան եռանկյունում, և կարելի է այստեղ Ադրբեջանին մտցնել: Դեռ մարտի սկզբից մենք հաղորդում էինք, որ վաղ թե ուշ Հայաստանը հարկադրված է լինելու ինչ-որ երկակի, կամ ոչ երկակի, կամ ուղղակի հայտարարություն անել, որով իր հստակ կամ ոչ հստակ դիրքորոշումը կհայտնի: Եվ այս մասին Կիևում գիտեին»:
XS
SM
MD
LG