Մատչելիության հղումներ

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն այցելել է Ուկրաինայի դեսպանատուն


Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն այցելելով՝ միաժամանակ ցավակցեցին և շնորհավորեցին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներին, արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Դեսպանին իր ցավակցությունն ու շնորհավորանքը փոխանցեց կոմիտեի անդամ, ազգային անվտանգության պետվարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Ամենաահավորն, իհարկե, այն է, որ զոհվել են մարդիկ»,-ասաց դեսպանը, - «Երեկ և այսօր Հայաստանի շատ քաղաքացիներ՝ ուկրաինացիներ և հայեր են զանգահարում դեսպանատուն, ցավակցում, հայտնում են զորակցություն: Դա մեզ համար շատ հաճելի է»:

Իվան Կուխտան հավելեց, թե հիմա բոլորն ուշի-ուշով հետևում են ուկրաինական Ռադայի որոշումներին, որոնք հնարավորություն կտան ղեկավարել երկիրը:

«Ցանկացած պետություն պետք է լինի կառավարելի»,-հավելեց դեսպանը:

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի անդամ Դավիթ Շահնազարյանը դեսպանատան հուշամատյանում գրառում արեց՝ դեսպանին փոխանցելով բովանդակությունը․ - «Հավերժ հիշատակ Մայդանի հերոսներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին, Ուկրաինայի քաղաքացիներին՝ նրանք բոլորը զոհեր են, որոնք իրենց կյանքը նվիրել են հանուն Ուկրաինայի ներկայի և ապագայի: Այս օրերն իսկապես պատմական են: Ձեզ համար այս օրերը սգո և հպարտության օրեր են»:

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի անդամ, հրապարակախոս Գայանե Առուստամյանն իր գրառմամբ ևս ցավակցություն հայտնեց՝ զոհերի կապակցությամբ: Հրապարակախոսն իր գրառմամբ արտահայտեց նաև հիացմունք Ուկրաինայի ժողովրդի պայքարի կապակցությամբ՝ նշելով․ - «Ուկրաինայի ժողովուրդը շրջեց պատմության անիվը, իրենց երկիրը տարավ դեպի խաղաղ, ժողովրդավարական ուղի»:

Հրապարակախոսը նաև անդրադարձավ Մայդանի՝ հայաստանյան ընկալումներին, նշելով․ - «Հայաստանի քաղաքացիները շատ ուշադիր էին հետևում ուկրաինական իրադարձություններին, և հույս ու ցանկություն ունեին, որ այդ ալիքը վերջապես կհասնի այստեղ: Ճիշտ է՝ մենք անցել ենք նույն Մայդանով, և ձախողել ենք, բայց այդ ձախողումը վերջնական չի կարող լինել: Ուկրաինայի ժողովրդի հաղթանակը պետք է որ ոգևորիչ լինի մեր հասարակության համար: Մեր հասարակությունը ուղղակի պարտավոր է ոտքի կանգնել և նույնպես հաստատել ժողովրդավարական պետություն»:

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը այլ մեկնաբանություն ուներ․ - «Իմ կարծիքով, Հայաստանի վրա ազդեցությւոն հուզական առումով ինչ֊որ չափով կարող են ունենալ, բայց զուտ փաստացի առումով մի քիչ դժվար է․ Հայաստանում իրավիճակները բավականին տարբեր են»:

Հավելենք, որ Ուկրաինայի դեսպանատունն այսօր հոգեհանգստի կարգ էր պատվիրել Հայ առաքելական եկեղեցում: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Երևանում՝ «Սուրբ Զորավոր» եկեղեցում:
XS
SM
MD
LG