Մատչելիության հղումներ

Հայկական կողմի դիրքորոշումը փոխանցվել է Ուկրաինայի ԱԳՆ-ին


Արխիվ -- Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտա, Երևան, 9 մարտի, 2014թ․

Արխիվ -- Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտա, Երևան, 9 մարտի, 2014թ․

Ղրիմում անցկացված հանրաքվեի մասին Հայաստանի նախագահի՝ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայկական կողմի արտահայտած դիրքորոշման մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ զերծ մնալով լրացուցիչ մեկնաբանություններից: Դեսպանը միայն նշեց, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի արտահայտել իր դիրքորոշումը:

Հիշեցնենք, նախօրեին հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում, ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքեջի, կողմերն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշմամբ պայմանավորված՝ հայ-ուկրաինական հարաբերությունների ապագային, ապա դեսպանը հավաստիացրեց, որ այդ հարաբերությունները շատ լավ զարգանում են բոլոր մակարդակներով

«Իմ կարծիքով, հիմա էլ կան հեռանկարներ այդ հարաբերությունների բարելավման», - հավելեց դեսպանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է և այսօր էլ այն անփոփոխ է, փաստում է դիվանագետը․ - «Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»:

Դեսպան Կուխտայի խոսքով, այսպես կոչված՝ Ղրիմի հանրաքվեն անցկացվել է Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ:

«Պատկերացրեք, իմ սիրելի Երևան քաղաքում, որտեղ ապրում եմ, որևէ տուն կամ փողոց հայտարարի, որ ցանկանում է Այգեձորում հիմնել առանձին պետություն և հանրաքվե անցկացնի», - մեկնաբանում է դեսպանը:

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ի կազմից:

«Այն կազմակերպությունը, որը որևէ օգուտ չի տալիս, երբեք ոչ ոքի պետք չէ», - հայտարարեց դեսպան Կուխտան, - «Երբ Ուկրաինայում ստեղծվեց շատ լուրջ իրավիճակ, ցավոք ԱՊՀ երկրների արտգործնախարարները մինչև օրս ժամանակ ու հնարավորություն չգտան՝ հավաքվելու և քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, քանի որ շատ խիստ զբաղված են»:

Այդուհանդերձ, դեսպանը կարծիք հայտնեց, որ ԱՊՀ-ից դուրս գալու դեպքում Ուկրաինայի և Հայաստանի միջև վիզային ռեժիմ չի սահմանվի:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG