Մատչելիության հղումներ

logo-print
Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային: Այս մասին հաղորդում են «Ունիան» և «Ինտերֆաքս Ուկրաինա» լրատվական գործակալությունները:

«Այսօր որոշում է կայացվել հետ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային՝ խորհրդակցությունների համար»,- Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի պետ Եվգենի Պերեբիյնիսի խոսքերը մեջբերում է «Ունիան»-ը:

Պերեբիյնիսը նաև հայտնել է, որ այսօր Ուկրաինայի ԱԳՆ է հրավիրվել Կիևում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ում փոխանցվել է ուկրաինական կողմի նոտան, որտեղ մտահոգություն է հայտնվում Ղրիմի անեքսիայի կապակցությամբ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հայտնված տեղեկության կապակցությամբ:


Հիշեցնենք, երկու օր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

«[Ուկրաինայի] ԱԳՆ-ն ստիպված է եղել ուշադրություն դարձնել այն բանին, որ չնայած հայկական կողմի հավաստիացումներին, նշված դիրքորոշումը, ցավոք, պաշտոնական հաստատում ստացավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում քննարկումների ժամանակ, որոնք «Իրավիճակը Ուկրաինայում» որոշման նախագծի շուրջ էին․ նախագիծը դատապարտում է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում այսպես կոչված հանրաքվեն: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ որոշմանը»,- ասել է Եվգենի Պերեբիյնիսը:

Ուկրաինացի դիվանագետը հավելել է, որ հաշվի առնելով նշվածը՝ ուկրաինական կողմը դիմել է պաշտոնական Երևանին՝ հստակեցնելու Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի անեքսիայի վերաբերյալ:

Այսօր ավելի վաղ «Էռ-Բե-Կա Ուկրաինա» գործակալությունը փոխանցել էր Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիլո Լուբկիվսկի խոսքերը, թե Հայաստանի կողմից Ղրիմի բռնակցման ճանաչումը բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

«Այսօր, ինչպես և երեկ, արդեն երկու անգամ հրավիրել ենք Հայաստանի դեսպանին։ Նրան փոխանցել ենք մեր մտահոգությունը։ Նույնը փոխանցել ենք նաև Հայաստանում մեր դեսպանին։ Այսօր հայկական կողմին դիվանագիտական նոտա ենք հղել։ Դրանում մեր՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման առնչությամբ բացատրություններ ստանալու վերաբերյալ ուղերձն է։ Մենք դիմում ենք Հայաստանին՝ պաշտոնապես և հրապարակայնորեն հայտնելու, որ այն չի ճանաչում Ղրիմի անեքսիան։ Մենք այս պատասխանն ենք ակնկալում։ Եթե լինեն հայտարարությունները կամ գործողությունները, որոնք կընկալվեն ոչ բարեկամական, ապա դա բացասական հետևանքներ կունենա երկու երկրների հարաբերություններ վրա»,- ասել է փոխարտգործնախարարը։

Դանիլո Լուբկիվսկին չի հստակեցրել, թե հատկապես ինչպես կվատթարանան Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, սակայն շեշտել է, որ խոսքը Ուկրաինայի կողմից կիրառվելիք մեծածավալ քայլերի մասին է։

Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը այս առնչությամբ «Ազատությանը» փոխանցեց.- «Ուկրաինական կողմից նոտան ստանալուն պես կձևակերպենք մեր պատասխանը և կքննարկենք՝ այդ պատասխանը հրապարակայնացնելու ենք, թե՝ ոչ»։

Օրվա վերջում Հայաստանի ԱԳՆ լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ՝ «ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային՝ վերջինիս խնդրանքով։ Հանդիպման ընթացքում, փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է։ Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը»։

ԱԳՆ-ից այլ մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG