Մատչելիության հղումներ

logo-print

ԱԳՆ խոսնակ․ «ՀՀ իշխանությունները խորապես ցավում են Կիևում զոհերի կապակցությամբ»


Հայաստանի իշխանությունները «խորապես ցավում են Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ և հույս են հայտնում, որ վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում կտրվի»:

Այսպիսի պատասխան տվեց Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» հարցերին, թե ի՞նչ դիրոքորոշում ունի պաշտոնական Երևանը Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, մտադի՞ր են արդյոք Հայաստանի իշխանությունները ճանաչել հեղափոխությունից հետո Ուկրաինայում ձևավորված նոր իշխանություններին ու պաշտոնական հարաբերություններ սկսել նրանց հետ:

Բալայանը, սակայան, հավելեց, որ Հայաստանի դեսպանը շարունակում է գտնվել Կիևում. - «Մեր դեսպանը գտնվում է Կիևում և ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը:

«Հայաստանի իշխանությունները գործընկերային հարաբերություններ են հաստատելու Ուկրաինայի նոր իշխանությունների հետ», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը․ - «Մենք հարգում ենք ուկրանացի ժողովրդի և՛ որոշումը, և՛ ընտրությունը: Կարծում եմ, այն բարի մթնոլորտը, որ միշտ եղել է և՛ Ուկրաինայի կառավարության հետ, և՛ ժողովրդի հետ, այսուհետ ևս կշարունակվի․․․ Մեզ համար որևէ կապ չունեն անձերը: Մեզ համար շատ ավելի կարևոր են այն գործնական հարաբերությունները, ճիշտ հարաբերությունները, որոնք ծավալված են, կան, գոյություն ունեն մինչ օրս»:

Իրեն այլընտրանք համարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե պետք է ճշտել՝ Ուկրաինայում ի վերջո ինչ իշխանություն է ձևավորվելու, որից հետո հնարավոր կլինի խոսել հետագա հարաբերությունների մասին․- «Բայց մեկ բան հստակ է․ Ուկրաինան բոլորիս համար պիտի դաս լինի: Պիտի դաս լինի նաև Հայաստանի իշխանությունների համար, թե ինչ է լինում, երբ իշխանությունը հաշվի չի նստում ժողովրդի կարծիքի հետ»:

«Այսօր Ուկրաինայում բավականին բարդ գործընթացներ են, ուստի դժվար է որևէ գնահատական տալ»․ - ՀԱԿ խբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան էլ այս խոսքերով պատասխանեց «Ազատության» այն հարցին, թե ինչ հարաբերություններ պետք է ունենա պաշտոնական Երևանը Ուկրաինայի նոր իշխանությունների հետ:

«Ի վերջո եղել է հեղափոխություն․ այլ կերպ սա կոչել հնարավոր չէ: Եղել են ռեժիմի կողմից անմարդկային դիմադրության փորձեր, որոնք ընթացքում ռեժիմը հարյուրից ավելի մարդ է սպանել, և հիմա Ուկրաինայում ստեղծված է մի իրավիճակ, երբ այնքան լուրջ գործոններ կան, և այնքան անկանխատեսելի է իրավիճակի զարգացումը, որ, ես կարծում եմ, որ հիմա որևէ գնահատական կամ դիրքորոշում հայտնելը ուղղակի որևէ նպաստ չի բերի իրավիճակի կայունացմանը», - հավելեց Զուրաբյանը:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասաց․ - «Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը պետք է ողջունի Ուկրաինայի ժողովրդի ազատատենչությունը և նրա ձեռք բերած հաղթանակը: Եվ այս կապակցությամբ մի փոքր տարակուսելի է, որ պետական մակարդակով որևէ ձևի արձագանք չկա: Սա մի բանի մասին է վկայում․ որ Հայաստանի իշխանությունները ուղղակի վախենում են Ռուսաստանի իշխանություններից, քանի որ բոլոր առումներով այլևս կախյալ վիճակում են Ռուսաստանի, Կրեմլից: Հետևաբար չեն կարող ողջունել մի բան, որը ձեռք է բերվել Ուկրաինայի ժողովրդի կողմից և ի հեճուկս Կրեմլի իշխանությունների»:

Երևանում Ուկրաինայի դեսպանատանը փետրվարի 22-ից բացվել է սգո մատյան՝ Կիևում տեղի ունեցած ողբերգակաան իրադարձությունների վերաբերյալ գրառումներ թողնելու համար:

Մեր երկրում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե անցած օրերի ընթացքում Հայաստանի նախագահաի նստավայրից, կառավարությունից և արտգործնախարարությունից ոչ մի պաշտոնյա չի եկել ու որևէ գրառում չի արել սգո մատյանում:

«Բայց ինձ իրենց ցավակցությունները հայտնել են հեռախոսազրույցի միջոցով», - հավալեց Կուխտան՝ չմանրամասնելով, թե ովքեր են եղել զանգահարողները:

Տիգրան Բալայանն այս կապակցությամբ ասաց․ - «Ուկրաինայի դեսպանությունում չեմ եղել և անձամբ չեմ ցավակցել: Բայց կարող եմ ասել, որ աշխարհի տարբեր երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցիչները այցելել են Ուկրաինայի դեսպանություններ և համապատասխան գրառումները կատարել են ցավակցությունների մատյանում»:
XS
SM
MD
LG