Մատչելիության հղումներ

logo-print
Պաշտոնական Կիևը պետք է հետ կանչի իր դեսպաններին Երևանից և Աստանայից, հինգշաբթի Ուկրաինայի խորհրդարանի նիստի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ երկրի առաջատար ազգայնական ուժի՝ «Սվոբոդա» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը:

«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշ երկրներ արդեն ճանաչում են Ղրիմի բռնակցումը: Դա անթույլատրելի է: Մենք պահանջում ենք անհապաղ կերպով խորհրդակցությունների նպատակով հետ կանչել մեր դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից: Դեսպանները պետք է վերադառնան Կիև և այստեղ` Արտաքին գործերի նախարարությունում, բացատրություններ տան այդ կեղծ հանրաքվեի ճանաչման առթիվ»,- նշում էր Տյագնիբոկը:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից «Ազատությանը» փոխանցեցին, որ չեն մեկնաբանում Տյագնիբոկի հայտարարությունը, նաև հավելեցին, որ դեսպան Իվան Կուխտան դեռ Երևանում է։

Ուկրաինացի ազգայնականների առաջնորդի` դեսպաններին հետ կանչելու կոչը հնչեց Գերագույն Ռադայի այսօրվա լիագումար նիստի ընթացքում, որի ժամանակ խորհրդարանականները քվեների ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին «Ուկրաինայի տարածքների ազատագրման համար մղվող պայքարի մասին» օրինագծի օգտին։ Այս օրինագծով Ուկրաինայի խորհրդարանը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Ղրիմը երկրի անբաժանելի մասն է, և կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին:

Սրան զուգահեռ երեկ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել և սկսել ԱՊՀ կազմից երկրի դուրս գալու գործընթացը: Այս մասին հայտարարեց խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:

«Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել: Դրա հետ մեկտեղ մենք կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպությանը` Ղրիմի թերակղզին հայտարարել ապառազմականացված գոտի և միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության ստորաբաժանումներին Ղրիմից դուրս բերելու համար։ Նաև նախապատրաստական միջոցներ են ձեռնարկվում Ղրիմում տեղակայված ուկրաինական զորամասերը երկրի մայրցամաքային հատված դուրս բերելու համար»,- ասել է Պարուբին։

Սակայն վիզային ռեժիմի սահմանման հարցը բավական լուրջ տարաձայնություններ է առաջացրել ուկրաինական կառավարության ներսում: Վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսատանի հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցում շտապելու կարքի չկա: «Մենք պետք է յոթ հաշվենք, մեկ կտրենք։ Շտապողականությունը չի օգնի»,- հայտարարել է նա:

Ուկրաինական կառավարության ղեկավարի զգուշավորությունը հասկանալի է: Միայն 2013 թվականին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած ուկրաինացիների քանակը 2 միլիոն 900 հազար էր: Ռուսաստանում նրանց վաստակած ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը, ըստ ռուսական աղբյուրների, հասնում է 30 միլիարդ դոլարի: Ռուսաստանի միգրացիոն ծառայության տվյալներով` այսօր Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվում է Ուկրաինայի 1 միլիոն 400 հազար քաղաքացի:
XS
SM
MD
LG