Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Պեկինում հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ նպաստելու էներգակիրների ազատ տեղաշարժին:
CNBC-ի հետ զրույցում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը Չինաստանի լավագույն շահից է բխում և կարծում է, որ Պեկինը կանի ամեն ինչ՝ Հորմուզը վերաբացելու համար։
«Կարծում եմ՝ նրանք կանեն այն, ինչ կարող են», - ասել է Բեսենթը՝ հավելելով.- «Չինաստանի շահերից շատ է բխում, որ նեղուցը վերաբացվի, և կարծում եմ՝ նրանք կաշխատեն կուլիսների հետևում՝ այնքանով, որքանով որևէ ազդեցություն ունեն Իրանի ղեկավարության վրա»:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է. «Նախագահ Սին նաև հստակ ընդգծել է, որ Չինաստանը դեմ է նեղուցի ռազմականացմանը և նեղուցի օգտագործման համար վճարների գանձմանը։ Նա նաև հետաքրքրություն է հայտնել ավելացնել ամերիկյան նավթի գնումները՝ նվազեցնելու հետագա կախվածությունը նեղուցից»։
Ըստ Սպիտակ տան՝ երկու առաջնորդները համաձայնել են, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։
Սպիտակ տան հաղորդագրությանը չինական կողմից պաշտոնապես որևէ մեկնաբանություն առայժմ չկա: Հաղորդվում է, որ քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ առանց ուղիղ նշելու Հորմուզի նեղուցի թեման։
Թրամփը Չինաստանում է պետական այցով։