ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը այսօր Պեկինում սկսել են բարձր մակարդակի բանակցությունները։ Հանդիպմանը նախորդել է հանդիսավոր դիմավորման արարողություն։
Ըստ հաղորդումների՝ բանակցությունների օրակարգում առանցքային են առևտրատնտեսական հարցերը, ինչպես նաև միջազգային անվտանգության թեմաները՝ Իրանի և Ռուսաստանի շուրջ զարգացումների ֆոնին։
«Պատիվ է ձեզ հետ լինելը։ Պատիվ է ձեր ընկերը լինելը, և Չինաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերություններն ավելի լավն են լինելու, քան երբևէ», - ասել է Թրամփը։
Սի Ծինփինը, իր հերթին, ավելի զուսպ շեշտադրումներ է արել՝ ընդգծելով, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ։ Նրա խոսքով՝ երկու երկրները պետք է կարողանան կառավարել մրցակցությունը և խուսափել հակամարտության տանող տրամաբանությունից։
«Մենք պետք է լինենք գործընկերներ, ոչ թե հակառակորդներ, նպաստենք միմյանց հաջողությանը, միասին բարգավաճենք և գտնենք նոր դարաշրջանում մեծ պետությունների համակեցության ճիշտ ճանապարհը», - ասել է Սին։
Սա Թրամփի և Սի Ծինփինի առաջին դեմ առ դեմ հանդիպումն է 2025 թվականի հոկտեմբերից հետո, երբ նրանք հանդիպել էին Հարավային Կորեայում։ Թրամփը Չինաստան վերջին անգամ այցելել էր 2017-ին։
Բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնի և Պեկինի միջև խորացող տնտեսական ու քաղաքական լարվածության պայմաններում։ Թրամփի օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցնում առևտրային հարցերը, մինչդեռ Սին փորձում է Չինաստանը ներկայացնել որպես կայուն և համագործակցության պատրաստ գործընկեր։