Նախքան Պեկին մեկնելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման օրակարգի առանցքում Իրանի հետ պատերազմը չէ, այլ առևտուրը, հայտնում է Associated Press-ը։
Նախքան Վաշինգտոնից մեկնելը Թրամփը պատասխանել է լրագրողի հարցին, թե ի՞նչ ուղերձ է հղում նախագահ Սիին՝ Իրանի պատերազմի առնչությամբ։
«Երկար քննարկում ենք ունենալու այդ մասին։ Կարծում եմ՝ հարաբերական առումով, նա բավականին լավն է եղել։ Նայե՛ք շրջափակմանը, խնդիր չկա։ Նրանք իրենց նավթի մի զգալի մաս այդ տարածքից են ստանում, բայց մենք խնդիր չենք ունեցել», - նշել է Թրամփը՝ հավելելով, որ Սի Ծինփինն իր ընկերն է, որի հետ կարողանում է «լեզու գտնել»։
Իրանի հարցում ԱՄՆ-ն Չինաստանի աջակցության կարիքն ունի՞, հարցրեց մեկ այլ լրագրող։
«Ոչ, չեմ կարծում, թե մեզ որևէ աջակցություն է պետք Իրանի հետ կապված։ Մենք կհաղթենք այս կամ այն կերպ՝ կհաղթենք խաղաղ կամ այլ միջոցներով», - պատասխանել է նախագահը։
Թրամփի խոսքով՝ այցից լավ արդյունքներ են սպասվում։
Թրամփի այցը Չինաստան ավելի վաղ էր նախատեսված։ Այն հետաձգվել էր Իրանի դեմ պատերազմի պատճառով։