Ումի՞ց և ի՞նչ «ազդակներ» է ստացել Հաջիևը. ընդդիմությունն աշնանը «ծանր զարգացումներ է սպասում»

Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հնարավոր համարելով Հայաստանում հանրաքվեի կազմակերպումը, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան կրկնել է Բաքվի պահանջը՝ խաղաղության պայմանագիրը կստորագրեն, եթե Հայաստանի սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագիրը, որում Ադրբեջանն իր նկատմամբ տարածքային նկրտում է տեսնում: Նույն պահանջը այսօր վերահաստատել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Թե ումի՞ց և կոնկրետ ի՞նչ ազդակներ են ստացել Բաքվում, որ հանրաքվեն հնարավոր է և մոտ ապագայում էլ այդ գործընթացը կմեկնարկի, Հաջիևը չի մանրամասնել: Անգամ հայաստանյան հանրությանը հայտնի չէ, թե ինչպե՞ս է իշխող ՔՊ -ն մայր օրենքի նոր նախագիծը դնելու հանրաքվեի, եթե դրա համար բավարար ձայներ չունի:

«Այս աշնանը Հայաստանին սպասում են ծանր զարգացումներ». Իշխան Սաղաթելյան

Ընդդիմության պնդմամբ՝ Բաքվից պարտադրվող պահանջներն ու Իլհամ Ալևին տված խոստումը կատարելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում փորձելու է ճնշում բանեցնել ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորների վրա՝ նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում ընդունելու համար:

«Այս աշնանը Հայաստանի համար ակնհայտ է, որ սպասում են ծանր զարգացումներ, - ասաց «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանն ու հավելեց, - ես չեմ բացառում՝ ինքը կոչ է անելու, ժողովրդին հավաքելու է, փորձելու է մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին և այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է սպառնալիքի, շանտաժի, ձերբակալությունների, կալանավորումների... այս բռնաճնշումները նաև պայմանավորված են դրանով, որպեսզի երկրում ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարարել»:

Փաշինյանի առաջնորդած ՔՊ-ին հունիսի 7 -ի ընտրություններում չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ, մինչդեռ նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար այն նախ պետք է ընդունվի խորհրդարանում: Իսկ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ի ձայները: ՔՊ-ն ունի ընդամենը 64 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն:

Կհաջողվի՞ ՔՊ -ին ընդդիմադիր 6 պատգամավորի իրենց կողմը տանել: Հենց այդքան ձայն է պետք ՔՊ-ին հանրաքվեի փուլին հասնելու համար:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու «Հայաստան» դաշինքից Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան այսօր բացառեցին, թե իրենց թիմից որևէ մեկը Բաքվի պահանջած Սահմանադրության նախագծին կողմ կքվեարկի:

ՔՊ-ն չի բացառում՝ որոշ ընդդիմադիրներ կողմ կարտահայտվեն նոր Սահմանադրությանը

Իշխող ՔՊ-ում, մինչդեռ, չեն բացառում, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ կողմ կարտահայտվեն նոր Սահմանադրությանը:

«Իսկ կարո՞ղ է էդ նախագիծը ներկայացնենք, և պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր պատգամավորներ պաշտպանեն էդ Սահմանադրությանը, դուք բացառո՞ւմ եք: Եթե լավ բան լինի, միգուցե իրենք էլ աջակցեն», - ասաց ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը:

Դատելով Հակոբյանի խոսքերից՝ եթե իշխանությանը չհաջողվի «պետականամետ մտածողությամբ» ընդդիմադիր պատգամավորներ գտնել, ապա այդ ժամանակ գործի կդրվի ժողովրդի ճնշման սցենարը, այնպես, ինչպես 2018-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ:

«2018 էլ ՔՊ-ն ամենափոքր խմբակցությունն էր ԱԺ-ում, բայց ժողովրդի ցանկությամբ եկան ու քվեարկեցին, որ ՔՊ-ն լինի իշխանություն և ունենա վարչապետ: Այսինքն, եթե ժողովրդի համար ընդունելի լինի մեր մայր օրենքը, ես չեմ կարծում, որ որևէ պատգամավոր կարող է դեմ արտահայտվել էդ կարևոր փոփոխությանը: Դա լայն հանրային քննարկման է դրվելու», - ասաց Հակոբյանը:

Սաղաթելյանը կոչ է անում ստեղծել «Ոչ»-ի ճակատ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է անում խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին համախմբել և ստեղծել «Ոչ»-ի ճակատ՝ «տապալելու Բաքվի պահանջով Սահմանադրությունը փոխելու իշխանության փորձը»: Ընդ որում, Սաղաթելյանի համոզմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդդիմության դեմ կիրառել ճնշումների ողջ զինանոցը, ապա հակազդեցության ճակատի ստեղծումը պետք է իրականացնել շատ ավելի շուտ, քան իշխանության կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումը:

«Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվեն, այդ թվում՝ արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ովքեր դեմ են մեզ դրսից ու ներսից պարտադրվող օրակարգին, պետք է միավորել բոլորի ջանքերը, որ կարողանանք մեզ պարտադրվող ու հակապետական, հակահայկական օրակարգը վիժեցնել», - ասաց Սաղաթելյանը:

Չնայած Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվից հնչող պահանջներին, իշխանությունը վստահեցնում է, թե Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե այդ հարցը ներառված է եղել ՔՊ նախընտրական ծրագրում և ժողովուրդն էլ ընտրություններում քվեարկել է դրա օգտին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայրամով․ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներՀաջիև․ «Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»Հիքմեթ Հաջիև․ «Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից՝ նոր Սահմանադրության ընդունման կամ որևէ այլ իրավական մեխանիզմով»Փաշինյանը անկլավների թեման կապեց Հայաստանի օկուպացված տարածքների հետ«Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում». Փաշինյանն արձագանքում է Բայրամովին