Մատչելիության հղումներ

Բայրամով․ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ

Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։

Բայրամովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերաբացման աշխատանքները շարունակվում են։

«Մենք սպասում ենք, որ նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է աշխատանքի իր մասը», - ասել է Բայրամովը՝ Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրենց արդյունավետությունը: Ադրբեջանի արտգործնախարարը կարևորել է շարունակել խաղաղության օրակարգի առաջխաղացումը ուղիղ երկխոսության միջոցով։

Հայտարարելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետորեն խաղաղություն է հաստատվել, Ջեյհուն Բայրամովն ընդգծել է. «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից, որից հետո հնարավոր կլինի վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է. «ազդակներ ենք ստանում, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»:

«Հնարավոր է, որ Հայաստանում հանրաքվե կազմակերպվի։ Հայաստանի սահմանադրության նախաբանում՝ Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո մենք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման որևէ խոչընդոտ այլևս չենք տեսնի», - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։

Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:

XS
SM
MD
LG