Ընդդիմությունից ովքեր և ինչ օրակարգով են գնում նոր խորհրդարան

Ընդդիմության դատարկ տեղերը Ազգային ժողովում, արխիվ

Նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի պատգամավորական մանդատը, ինչպես 2021-ի ընտրություններում, «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը:

Իսկ ցուցակում ընդգրկված հաջորդ 12 թեկնածուները կվերցնեն մանդատները. այս տեղեկությունն էլ հայտնեց ընդդիմադիր Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը ցուցակի երկրորդ համարն է:

«Ինքնաբացարկի որոշում որևէ մեկի մասով չունենք», - ասաց Սաղաթելյանը:

12-հոգանոց նոր խմբակցության գերակշիռ մասը՝ 10 անդամները 8-րդ գումարման պատգամավորներ են, նրանց թվում է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ևս կլինի հաջորդ խորհրդարանում: Նորեկները Էջմիածնի ավագանու անդամ Սևակ Խաչատրյանն ու Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանն են:

Ի դեպ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած, նախկին մի քանի գումարման պատգամավոր Աղվան Վարդանյանը խոստացել էր հրաժարվել մանդատից, եթե ինքը լինի ընդդիմություն, Նիկոլ Փաշինյանը՝ իշխանություն: Այսօր Ֆեյսբուքում հայտարարել է՝ վերցնում է:

«Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։ Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին», - գրել է Վարդանյանը:

Չնայած Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ընդդիմության լիդերի կարգավիճակին, 29 մանդատ ստացած «Ուժեղ Հայաստան»-ը ևս խորհրդարան գնալու որոշում կայացրեց: Հաջորդ խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ ուժը, սակայն, չի շտապում իր կազմը հրապարակել:

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի ոչ անցողիկ տեղերի 105 թեկնածուների ինքնաբացարկի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, առաջին 29 թեկնածուներից միայն մեկն է մանդատից հրաժարվելու մասին հայտնել՝ Արթուր Դանիելյանը: Թեկնածուներից Էդգար Ղազարյանն էլ էր միայն նրա որոշումից տեղյակ:

«Ցուցակի առաջն 29 համարից թե ովքեր կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ, եթե կներկայացնեն, դա արդեն անհատական որոշումների տիրույթում է, այլ ոչ թե քաղաքական», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Ի՞նչ օրակարգով են ընդդիմադիրները գնում Ազգային ժողով: «Այդ քաղաքական օրակարգը Նիկոլ Փաշինյանին և իր խմբակին իշխանությունից հեռացնելն է. մենք էդ օրակարգով ենք մասնակցել ընտրություններին, ստացել ենք ժողովրդի վստահությունը, մեզնից գողացվել են քվեներ, և մեզ հաջողվել է մի մասը ստանալ մեր քվեների, և այդ մասը, պարտավորությունը՝ կատարելու մեր պարտականությունները, մեր խոստումները ընտրողների առջև», - նշեց Էդգար Ղազարյանը:

Թե՛ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը, թե՛ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան»-ը Փաշինյանի վարչախմբի հեռացման հարցն են բարձրացնում:

Առնվազն մեկ տարի անվստահության գործընթաց օրենքով չի կարելի նախաձեռնել, իսկ դրանից հետո՝ ընդդիմադիր երկու խմբակցության ձայները միասին չեն բավականացնում հարցն օրակարգ բերելու համար:

Իշխան Սաղաթելյանը կարծում է՝ նոր մարտահրավերներ են Հայաստանին սպասում, դրանց դեմը, կարծում է, խորհրդարան գնալով կարելի է առնել: Չգնալը ավելի թեթև ու անպատասխանատու ճանապարհ է համարում:

Նույն Դաշնակցությունը խորհրդարանական ուժ էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, նաև՝ Արցախի հայաթափման օրերին: Նրանց նախաձեռնած բողոքի տարբեր գործողություններ, ինչպես հայտնի է, իշխանափոխության չհանգեցրին՝ Փաշինյանը թե՛ 2021-ին, թե՛ այս տարի մնաց իշխանության:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրենց գործիքակազմում նաև փողոցային պայքարն է լինելու:

«Իշխանությունը փորձելու է Ադրբեջանի պահանջով առաջիկայում փոխի Սահմանադրությունը: Մենք պետք է կարողանանք բոլոր հնարավոր քայլերով սրա դիմացը առնել», - ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ շարունակելով. - «Այս իշխանությունը գնալու է նոր զիջումների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից նոր տարածքներ է հանձնելու Ադրբեջանին՝ սահմանազատման-սահմանագծման անվան տակ, կամ մինչև այդ՝ անկլավների անվան տակ: Երկիրը կանգնեցնելու են նոր անվտանգային լրջագույն խնդրի առջև»:

Սաղաթելյանը պնդում էր՝ քննարկում են երկու ընդդիմադիր ուժերով համագործակցված քայլերը: Առանց մանրամասների մեջ մտնելու չհերքեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը ևս հանդիպել են:

«Կապ կա, աննորմալ կլիներ, եթե էդ կապը չլիներ, քննարկումներ կա, շփումներ կա՝ տարբեր մակարդակներով», - ասաց նա:

Ո՞ւմ են առաջադրելու պաշտոններում

Ինչ վերաբերում է պաշտոններում առաջադրումներին, օրենքով՝ ԱԺ մեկ փոխխոսնակի թեկնածուին կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցությունը:

«Ուժեղ Հայաստան»-ը փոխխոսնակի թեկնածու կառաջադրի՞, թե՞ ոչ, Էդգար Ղազարյանն ասաց՝ կորոշեն խմբակցության ձևավորումից հետո: Քաղաքական որոշում չունեն նաև՝ հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրե՞ն, թե՞ ոչ. - «Մերը ՔՊ չի, էլի, որ դեռ Ազգային ժողովը չձևավորված՝ վարչության նիստերով սկսեն պաշտոնների բաշխում անել»:

Իշխան Սաղաթելյանն ասաց՝ եթե «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրի փոխխոսնակի թեկնածու, կպաշտպանեն. - «Երկու ընդդիմադիր ուժերով համագործակցելու ենք»:

Քոչարյանի առաջնորդած ուժը ևս դեռ չի որոշել՝ երբ իրենք հնարավորություն ունենան հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել, ընդհանրապես կառաջադրե՞ն, թե՞ ոչ:

Թե քանի՞ հանձնաժողով կունենա հաջորդ Ազգային ժողովը, պարզ կդառնա օգոստոսի 2-ին մեկնարկող առաջին նստաշրջանի ընթացքում, դրանից հետո էլ կհաշվարկվի՝ իշխանությունն ու ընդդիմությանը հանձնաժողովի քանի՞ նախագահի թեկնածու կարող են առաջադրել:

«Էստեղ շատ էական հարցեր են. եթե էդ հանձնաժողովի նախագահը պետք է իրենց սրտի ուզած հանձնաժողովի նախագահը ձգտեն, կամ մեր թիմակիցների միջև տարբերություն դնեն, դա խնդիր է», - նշեց Իշխան Սաղաթելյանը:

Թե ովքե՞ր կղեկավարեն ընդդիմադիր խմբակցությունները, անուններ ո՛չ Սաղաթելյանը, ո՛չ Ղազարյանը չտվեցին՝ ասացին՝ որոշումը մանդատների բաշխումից հետո կհանրայնացնեն:

ՔՊ-ում սպասում են ընդդիմության հետ հանդիպմանը

Խորհրդարանում 64 մանդատ ստացած իշխող «Քաղաքացիական պայմանագրում» չեն թաքցնում՝ սպասում են ընդդիմության հետ հանդիպմանը:

«Բոլոր նրանք, ովքեր էս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել և հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները, այ նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում Ազգային ժողովում և քաղաքականապես ոչնչացնելու ենք», - հայտարարում է նոր Ազգային ժողովի նախագահի ՔՊ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Հաջորդ Ազգային ժողովի կազմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի՝ առաջիկա երեքշաբթի՝ ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետի հաջորդ օրը: Տեղեկությունների համաձայն՝ պաշտոնական արարողություն չի լինի, հաջորդ շաբաթվա մեջ մանդատները, ըստ ամենայնի, խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչներին կփոխանցվեն:

«Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի և այդ պահի դրությամբ արդեն ըստ ինքնաբացարկների կհաստատի արձանագրությամբ ապագա նոր գումարման խորհրդարանի առաջին կազմը», - հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խախտումները կա՛մ չեն ապացուցվել, կա՛մ իրենց ծավալով և ազդեցությամբ չեն կարող կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը». ՍԴ«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները վերցնում են մանդատներըՍԴ-ն կայացրեց որոշումը. ԲՀԿ-ն դուրս մնաց, ԱԺ-ում կլինեն ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը»Զանգվածային ընտրախախտումնե՞ր, թե՞ մաքուր ընտրություններ. ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակՍամվել Կարապետյանը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու «իր ժամկետներն ունի» Մանդատներ ու փողոց. մանրամասներ՝ «Ուժեղ Հայաստանի» փակ հանդիպումից«Կայծակնային հեղափոխության սցենարը չի աշխատի այս պահին». ո՞րն է Սամվել Կարապետյանի իշխանափոխության ճանապարհային քարտեզըՅոթ քաղաքական ուժեր ՍԴ են դիմել. վիճարկում են ընտրության արդյունքներըՈմանք սպասում են առաջարկների, ոմանք՝ նախապայման դնում. ընդդիմադիրները որոշում չունեն Սամվել Կարապետյանի առաջարկի շուրջ