«Վստահ եմ՝ հարաբերություններ զարգացնելու առումով կարող եմ հաջողել». Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ, Երևան, 14-ը օգոստոսի, 2026թ.

Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը վստահ է՝ իրեն կհաջողվի նոր պաշտոնում լուծել իր առջև դրված խնդիրները:

«Քաղաքական պրոցեսների մասնակից եմ, այս աշխատանքը ինձ հետաքրքիր է: Վստահ եմ, որ հարաբերություններ զարգացնելու, խորացնելու առումով կարող եմ հաջողել», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշեց զբաղեցնել այդ պաշտոնը:

Շաբաթներ առաջ, երբ իշխող ՔՊ-ն անակնկալ կերպով Ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում Ալեն Սիմոնյանի փոխարեն ընտրեց Ռուբեն Ռուբինյանին, Սիմոնյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից: Հուլիսի 2-ին հրաժեշտի ասուլիսում նա հայտարարեց, թե ցանկանում է «մի քիչ հանգստանալ»:

Ինչո՞ւ պլանները փոխվեցին: ԱԽ նորանշանակ քարտուղարն այսօր ասաց, թե արդեն շուրջ մեկ ամիս հանգստացել է: Ինչ վերաբերում է նոր պաշտոնի առաջարկին, ապա այն ստացել է վարչապետից, քննարկել և ընդունել է:

Ի՞նչ առաջնահերթություններ են Նիկոլ Փաշինյանի կողմից դրվել իր առջև այս պաշտոնում, արդյո՞ք դրանք ներառելու են նաև հայ-ռուսական սրված հարաբերությունները:

Սիմոնյանն ասաց, որ այդ հարցերն առաջիկայում քննարկելու է վարչապետի հետ: Ամեն դեպքում վստահեցրեց, որ ինչպես ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինքը նույնպես ներգրավված է լինելու նաև հայ-ադրբեջանական բանակցություններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի աշխատակազմին ներկայացնելով Ալեն Սիմոնյանին, նշեց որ վերջինս Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ներգրավված է եղել ռազմավարական և կարևոր որոշումների կայացման գործում: Հետևաբար «աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել ԱԽ քարտուղարի գործունեությանը»:

«Պարոն վարչապետ, ես նույնպես շնորհակալ եմ վստահության համար և պարոն Գրիգորյանից եմ շնորհակալ կատարված աշխատանքի համար: Մենք ունենք լավ ընկերական և գործընկերային հարաբերություններ, որոնք ինձ համար թանկ են, կարծում եմ, որ կկարողանանք միասին աշխատել», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը

Առանց փակագծերը բացելու վարչապետը նշեց, թե Անվտանգության խորհուրդը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նույնքան մեծ ու կարևոր աշխատանք պետք է կատարի: Փաշինյանի խոսքով՝ առաջիկա քննարկումների արդյունքներում կսահմանվեն այն առաջնահերթությունները, որոնք կդրվեն Անվտանգության խորհրդի առջև. «Ես ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու Անվտանգության խորհրդի քարտուղարին և գրասենյակին, և առաջիկայում մենք քննարկումներ կունենանք, ես կտամ հանձնարարականներ»:

Պաշտոնավարման անցած ութ տարիներին և հատկապես 2021-ից հետո Արմեն Գրիգորյանն ակտիվորեն ներգրավված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացներում:

Ոչ վաղ անցյալում՝ 2022-ին, Գրիգորյանն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ բանակցություններում փորձում էր առաջ տանել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությանը և նրանց իրավունքներին վերաբերող հարցերը:

Բաքուն, սակայն, այդպես էլ որևէ միջազգային մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի առաջարկին չհամաձայնեց: Մեկ տարի անց՝ 2023-ին, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախը հայաթափվեց: 2025-ին արդեն նախաստորագրվեց հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը:

Ի՞նչ առաջնահերթություններ կդրվեն ԱԽ նոր քարտուղարի առջև, թերևս պարզ կդառնա առաջիկայում:

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց պաշտոնանկ անել Արմեն Գրիգորյանին

Մինչ այդ, Փաշինյանն այսօր հրաժեշտ տվեց Արմեն Գրիգորյանին՝ գնահատելով նրա կատարած աշխատանքը:

«Պարոն Գրիգորյանը ներգրավված է եղել այս ողջ ընթացքում անվտանգության ոլորտի, այդ թվում՝ խաղաղության հաստատման գործընթացում և ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների կայացման հարցում: Դա շատ գնահատելի է», - ասաց Փաշինյանը:

Ինչո՞ւ «գնահատելի» աշխատանքից հետո Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշեց պաշտոնանկ անել 8 տարի ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գրիգորյանին: Այդ որոշումը արտաքի՞ն դրդապատճառներ ուներ, թե՞ զուտ ներքաղաքական վերադասավորումների հետևանքն էր:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ այս քայլը առավելապես պայմանավորված է արտաքին քաղաքական հաշվարկներով, քանի որ ներքաղաքական առումով չկար այնպիսի հարց, որը կարելի էր լուծել Ալեն Սիմոնյանով Արմեն Գրիգորյանին փոխելով:

«Ներսում չեմ տեսնում որևէ պատճառ, որը կարող էր մղել Փաշինյանի ԱԽ քարտուղարի փոփոխության: Պատճառները կարող են կապված լինել հենց դրսի հետ, հիմա անմիջական դրսի՞ց ինչ-որ ազդեցությամբ է, թե՞ Փաշինյանը իր հաշվարներից ելնելով է անում, էստեղ է հարցը», - ասաց Բադալյանը:

Վերլուծաբանն ուշագրավ է համարում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը այն առումով, որ Գրիգորյանն իր պաշտոնում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ ապահովում էր հայ-ադրբեջանական գործընթացի մի առանձին գիծ: Եվ հիմա, ըստ Հակոբ Բադալյանի, ստացվում է, որ այդ գիծն ավարտվում է. «Դատելով Փաշինյանի ելույթից Անվտանգության խորհուրդում, երբ ներկայացնում էր Սիմոնյանին, կարող ենք եզրակացնել, որ այս պաշտոնանկությունը պարզապես ֆունկցիոներների փոփոխություն չէ, այլ առհասարակ ինչ-որ շրջափուլի փոփոխություն...»:

«Ազատության» հարցին՝ «այսինքն, այդ կապի անհրաժետությունը այլևս չկա՞ր, ի դեմս Արմեն Գրիգորյանի, որ նա ապահովում էր Հաջիևի հետ», Բադալյանը պատասխանեց. «Համենայն դեպս այդ կապը չի ունեցել այն որոշիչ նշանակությունը, որը թույլ կտար պահպանել Արմեն Գրիգորյանի կարգավիճակը»:

Արմեն Գրիգորյանը, որ Փաշինյանի իշխանության անցած 8 տարիներին ակտիվորեն ներգրավված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հրաժարվել է շարունակել աշխատանքը վարչապետի աշխատակազմում: Նրա քաղաքական ապագան այս պահին անորոշ է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը Սիմոնյանին ներկայացրեց ԱԽ աշխատակազմին․ «Առաջիկայում կարևոր աշխատանք պետք է կատարվի»Ալեն Սիմոնյանին երկար հանգստանալ չհաջողվեց. ինչո՞ւ վարչապետը նրանով փոխարինեց Արմեն ԳրիգորյանինԱԽ քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինեց Ալեն Սիմոնյանը