Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով կայացավ առաջին դատական նիստը

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով առաջին դատական նիստն էր այսօր՝ Արարատի ու Վայոց ձորի մարզի դատարանում։ Աղջնակները նիստին չեն մասնակցել, միայն նրանց ծնողները, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Նիստում երկարաձգվել են երեք մեղադրյալների՝ ընտանիքի հետ մտերմություն արած 65 ու 58 տարեկան վեդեցի տղամարդկանց ու ընտանիքին բարերար ներկայացած 39-ամյա տղամարդու կալանքի ժամկետները։

Մայիսի սկզբին պայթեց Վեդիի այս զարհուրելի պատմությունը։ Լրատվամիջոցներն ահազանգեցին՝ երկու աղջնակներ ամիսներով սեռական բռնության են ենթարկվում, իրավապահները կոծկում են դեպքը, ենթադրյալ մանկապիղծները ազատության մեջ պտտվում։ Սրանից հետո միայն իրավական ակտիվ գործընթացներ սկսվեցին։ Բռնարարները կալանավորվեցին, իսկ Վեդի քաղաքի ու Արարատի մարզի ոստիկանության ու քննչական մարմինների ղեկավարները ընդամենը ազատվեցին աշխատանքից։

Աղջնակների ընտանիքը խոցելի, սոցիալապես անապահով վիճակում էր, քույրերը՝ հոգեկան առողջության խնդիրներով։ Մեղադրականում էլ ենք կարդում, որ տղամարդիկ օգտվել են հանգամանքից, որ երեխաները իրենց պաշտպանելու, դիմադրելու ի վիճակի չեն եղել։

15-ամյա աղջնակը սպառնացել է իր հետ կատարվածի մասին պատմել հորեղբորը։ Ըստ մեղադրականի՝ ենթադրյալ մանկապիղծը փորձել է խեղդել նրան, պահանջել ոչ մեկի ոչինչ չպատմել։ 17 ու 15 տարեկան քույրերի նկատմամբ սեռական բռնության փաստերը հաստատվել են փորձաքննությամբ։ Երեք բռնարարներն էլ ընտանիքի հետ շփում ունեցած ու երեխաներին մտերիմ ներկայացած տղամարդիկ են։

Նրանցից 58-ամյա տղամարդու պաշտպանից տեղեկացանք, որ մեղադրանքը չի ընդունում, համարում է, որ բավարար ապացույցներ չկան գործի հիմքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով նախաքննությունն ավարտվել էՎեդիում անչափահաս քույրերի գործով, ըստ փաստաբանի, սպասում են փորձաքննությունների եզրակացություններինՓաստաբանը կասկած ունի, որ բռնության զոհերի շրջանակը կարող է մեծանալՎեդիում բռնության ենթարկված քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել. փաստաբանՎեդիում անչափահաս քույրերի գործով մեղադրանք է ներկայացվել ևս մեկ անձի