Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, հայտնում է դատախազությունը:
«Հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)», - նշվում է հայտարարությունում:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին՝ նրանց նկատմամբ արդեն կա ձերբակալման որոշում։
Սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց ու միայն լրագրողների բացահայտումներից հետո են երկու տղամարդիկ երեկ գիշերը առերեսվել Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։
Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը դեռ փետրվարի 12-ին է եղել, երկրորդը՝ ապրիլի 22-ին:
Badoyan News-ն էր օրեր առաջ ահազանգել՝ Վեդիում մանկապղծության դեպք է եղել, իրավապահները կոծկում են զարհուրելի դեպքը, լիարժեք քննություն չի տարվում: Երեխաների հորեղբայրն է բռնարարներից մեկին դանակահարում, այսինքն՝ Ներքին գործերի նախարարության, Քննչականի անգործության հետևանքով հարցը վենդետային է հասել: