Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է տեխնիկական ձևաչափով եռակողմ հանդիպում անցկացնել Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել է Վլադիմիր Զելենսկին: Այժմ, ըստ Ուկրաինայի նախագահի, Կիևն ամերիկյան կողմից առաջարկներ է սպասում ժամկետի վերաբերյալ:
Զելենսկին հայտնել է նաև, որ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումից հետո, ուկրաինական և ամերիկյան բանակցային խմբերը պայմանավորվել են խորհրդակցություններ անցկացնել Բրյուսելի և Մոսկվայի հետ, ապա վերադառնալ բանակցություններին:
«Պայմանավորվածությունն այսպիսին է. մենք կտեղեկացնենք և այդ մանրամասները կքննարկենք եվրոպական կողմի հետ: Ամերիկացիները կխոսեն ռուսների հետ, և տասն օրից մենք կվերադառնանք այս կամ այն կարծիքով ու արդյունքով», - ասել է Ուկրաինայի նախագահը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել է տեխնիկական ձևաչափով եռակողմ հանդիպման նախապատրաստումը: Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են կայանալ մոտ ժամանակներս, սակայն կոնկրետություն դեռ չկա:
Միացյալ Նահանգների նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-6-ը այցելել են Մոսկվա և Կիև, բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարեցին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչը ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան չբացառեցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան Աբու Դաբին է դիտարկում իբրև ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր Ուիթքոֆը հայտարարում է Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններում էական առաջընթացի մասինԿրեմլը չի բացառում վերադարձը եռակողմ հանդիպումներին. ի՞նչ են քննարկել Թրամփի բանագնացները Կիևում և ՄոսկվայումՎլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «զրոյական պացիենտ», ով պատերամի գաղափարն տարածում աշխարհով մեկ: Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան վերահաստատել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարին Կիևի պատրաստակամությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մինչդեռ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթում հայտարարել է, թե բանակցությունների համար «ընդմիջում» մարտական գործողություններում չի լինելու:
ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է սեպտեմբերի 22-ին, հաջորդ օրը հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղարը և ՌԴ ԱԳ նախարարը:
Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Մարկո Ռուբիոն ասել է, թե Ռուսաստանը և Ուկրաինան շահագրգռված են էներգետիկ ենթակառուցվածքներին և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետ կապված օբյեկտներին փոխադարձ հարվածների դադարեցմամբ: Վաշինգտոնը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ նման սահմանափակ հրադադարի շուրջ բանակցություններում, նշել է պետքարտուղարը: