Մատչելիության հղումներ

Ռուբիո. «Պուտինին հրավիրեցինք Մեծ քսանյակի գագաթնաժողովին»

Լրացված
Արգենտինա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ քսանյակի Բուենոս Այրեսի գագաթնաժողովում, նոյեմբեր, 2018թ.
Արգենտինա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ քսանյակի Բուենոս Այրեսի գագաթնաժողովում, նոյեմբեր, 2018թ.

«Մենք հրավիրեցինք նախագահ Պուտինին Մեծ քսանյակի գագաթնաժողովին», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ով այսօր Նյու Յորքում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Կարծում ենք՝ սա նրա համար հնարավորություն է՝ քննարկումներ ունենալու ոչ միայն նախագահի [Դոնալդ Թրամփի], այլև համաշխարհային այլ առաջնորդների հետ: Հուսով ենք՝ սա հրավեր է, որ նա կընդունի: Հնարավորություն կա դեկտեմբերին, եթե դա տեղի ունենա», - ասել է Ռուբիոն:

Մեծ քսանյակի գագաթնաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում՝ Մայամիում: Շուրջ տասն օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրա շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել, Կրեմլն անմիջապես մերժել էր առաջարկը:

Ռուսաստանը մնում է Մեծ քսանյակի անդամ, չնայած 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո հեռացվել է Մեծ ութնյակից:

Լավրովի հետ բանակցություններից հետո Ռուբիոն ասել է նաև, թե Ռուսաստանը և Ուկրաինան շահագրգռված են էներգետիկ ենթակառուցվածքներին և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետ կապված օբյեկտներին փոխադարձ հարվածների դադարեցմամբ:

Վաշինգտոնը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ նման սահմանափակ հրադադարի շուրջ բանակցություններում, նշել է պետքարտուղարը:

«Դա չի դադարեցնի պատերազմը, բայց դա, ինչպես ես եմ կարծում, կօգնի թեթևացնել մի քանի կարևոր գոբալ պրոբլեմ», - ընդգծել է Մարկո Ռուբիոն:



XS
SM
MD
LG