Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի, որ ԱՄՆ-ի աջակցությամբ հնարավոր կլինի մինչև ձմեռ ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը։ Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։ Զելենսկին փակ դռների հետևում անցկացված բանակցությունները «դրական և արդյունավետ» է գնահատել։
«Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Ուկրաինան ցանկանում են, որ այս անիմաստ ռուսական պատերազմն ավարտվի մինչև ձմեռ», - հայտարարել է Զելենսկին՝ նշելով, որ Թրամփի հետ քննարկել են լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր, որոնք կարող են ճանապարհ բացել դիվանագիտության համար։
Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները, եթե Մոսկվան իր հերթին չհարվածի Ուկրաինայի էներգետիկ համակարգին։ Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ Զելենսկու, իրեն հայտնի չէ, սակայն նա հույս ունի, որ Վաշինգտոնը կկարողանա Մոսկվային վերադարձնել բանակցությունների։ Հանդիպումից առաջ Reuters-ը հաղորդել էր, որ էներգետիկ հրադադարը լինելու է Զելենսկի-Թրամփ բանակցությունների առանցքային թեմաներից։
Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է «ցանկացած պահի» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Թրամփը կարող է կազմակերպել եռակողմ հանդիպում՝ պատերազմի ավարտի հետ կապված առանցքային հարցերը քննարկելու համար։
Թրամփի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը։ Կողմերը շարունակում են աշխատել Ուկրաինայում Patriot համակարգերի համար հրթիռ-որսիչների արտադրություն սկսելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինային հակաօդային պաշտպանության լրացուցիչ աջակցություն տրամադրելու հարցը։