Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում զգուշացրել է, որ այս ձմռանը Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարձակումները կավելանան, եթե ռուսական ուժերը շարունակեն թիրախավորել Ուկրաինայի էներգետիկ և ջեռուցման համակարգերը, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
«Ոչ մի ռուս պաշտոնյա չէր կարող պատկերացնել, որ դարեր շարունակ Ռուսաստանի կողմից կռված «գեներալ Սառնամանիքը» մի օր կանցնի նրանց կողմը, ովքեր պաշտպանվում են նրանից։ Մենք կապահովենք, որ դա տեղի ունենա այս ձմռանը, եթե Ռուսաստանը շարունակի հարձակվել մեր էներգետիկ և ջեռուցման համակարգերի վրա», - հայտարարել է Զելենսկին։
«Այս ձմեռը կարող է շատ դժվար լինել մեզ համար, բայց ի պատասխան մենք այլընտրանք չենք ունենա, քան այն ցավոտ դարձնել նաև Ռուսաստանի համար», - հավելել է նա։
Խոսելով ռուսական հարվածների մասին՝ Զելենսկին հայտարարել է, որ տարեսկզբից ի վեր Ռուսաստանը Ուկրաինայի դեմ օգտագործել է տարբեր տեսակի ավելի քան 2100 հրթիռ, այդ թվում՝ ավելի քան 950 բալիստիկ հրթիռ։ Վերջին ութ ամիսների ընթացքում, ըստ Ուկրաինայի նախագահի, ռուսական ուժերն օգտագործել են տարբեր տեսակի 63,000 գրոհային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ ավելի քան 7700 «Շահեդ» հրթիռային շարժիչով թռչող սարքեր։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան միաժամանակ մեծացրել է սեփական հարվածների հեռահարությունը։ «Երբ Ռուսաստանը սկսեց այս պատերազմը, չէր կարող պատկերացնել, որ ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերը մի օր կհասնեն ինչ-որ տեղ Սիբիրում գտնվող իր ռազմական գործարաններին», - ասաց նա։
Զելենսկիի խոսքով՝ 2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում ռուսական բանակից զոհվել կամ ծանր վիրավորվել է 248,000 զինծառայող։ Այս գնահատականի անկախ հաստատում չկա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ տարեսկզբից ի վեր ռուսական զորքերը կարողացել են գրավել Ուկրաինայի տարածքի 1000 քառակուսի կիլոմետր տարածքից մի փոքր ավելի, որի զգալի մասը, նրա խոսքով, Ուկրաինան արդեն վերադարձրել է։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ռուսաստանը դժգոհություններ ունի Մոլդովայի նկատմամբ, սպառնում է Լեհաստանին և Բալթյան երկրներին, ինչպես նաև «անարգում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների պետականությունը»։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա, քան շատ այլ համաշխարհային առաջնորդներ։
«Ցավոք, մենք հնարավորություն չունեցանք անմիջապես խոսելու Չինաստանի առաջնորդի հետ, որն այսօր Ամերիկայում է, բայց այստեղ չէ։ Եվ նա այն մարդն է, ով կարող է Ռուսաստանի վրա ավելի շատ ազդեցություն ունենալ, քան շատ-շատ ուրիշներ», - ասել է նա:
Եզրափակելով՝ Զելենսկին զգուշացրել է ռազմական տեխնոլոգիաների արագ զարգացման մասին։ Նա նշել է, որ արդեն հաջորդ տարի կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մարտադաշտում տեղի ունեցողի վերաբերյալ որոշումները կկայացվեն ոչ միայն մարդկանց, այլև արհեստական բանականության համակարգերի կողմից «Մեզ խաղաղություն է պետք, նախքան այդ կետին հասնելը», - ընդգծել է Զելենսկին։
Մոսկվան դեռևս չի մեկնաբանել Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի նախագահի հայտարարությունները։ Զելենսկիի ելույթից կարճ ժամանակ առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար։
«Դառը փորձից դասեր քաղելով՝ որևէ ձևաչափով բանակցությունների ընթացքում մենք չենք դադարեցնի հատուկ ռազմական գործողությունը», - ասել է Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։