«Վագներ»-ի նախկին զինյալները` Պրիգոժինի որդու գլխավորությամբ, նարկոկայսրություն են ստեղծել Աֆրիկայում. WSJ

Ռուսաստան - «Վագներ» մասնավոր բանակի գրասենյակը Սանկտ Պետերբուրգում, 2022թ.

«Վագներ» մասնավոր բանակի նախկին վարձկանները՝ կառույցի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի որդու՝ Պավել Պրիգոժինի գլխավորությամբ, ամրապնդվել են Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում Ուբանգի գետի վերին հոսանքում և այնտեղ նարկոկայսրություն են ստեղծել, որը Կրեմլը չի վերահսկում և որի հետ ոչինչ չեն կարողանում անել տեղի իրավապահ մարմինները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով քննիչների և նախկին վարձկանների տվյալները:

2023 թվականին ավիաաղետի հետևանքով Եվգենի Պրիգոժինի զոհվելուց և խմբավորման գործողությունների մեծ մասը ռուսաստանյան պետական կառույցներին փոխանցվելուց հետո «Վագներ»-ի շուրջ 500 զինյալներ մնացել են Ուբանգի գետի վերին հոսանքում: Հոգեմետ նյութեր պարունակող «Տրամադոլ» դեղամիջոցի մաքսանենգ տեղափոխումը հարևան երկրներ եկամտի կարևոր աղբյուր է, որը հնարավորություն է տվել նրանց անտառանյութի և ոսկու ապօրինի առևտուր կազմակերպել, նշում է ամերիկյան պարբերականը:

Համաձայն Africa Center for Strategic Studies-ի հետազոտության՝ Պրիգոժինի նախկին կառույցը փաստացի իրեն է ենթարկել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը՝ ներդրվելով ազգային բանակում և տեղական ավազակախմբերում: Ռուսաստանցի վարձկանների ազդեցությունն այնքան է աճել, որ նրանք «Տրամադոլ» են մատակարարում նախագահական գվարդիայի մարտիկներին և Sharks երիտասարդական աշխարհազորին, որը կանոնավոր կերպով պարեկություն է կազմակերպում մայրաքաղաք Բանգիում և ծեծի է ենթարկում ընդդիմության կողմնակիցներին, WSJ-ին պատմել է «Վագներ»-ի նախկին վարձկանը, ով այժմ ապրում է Եվրոպայում:

Global Initiative-ի փորձագետները զգուշացնում են, որ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում «Վագներ»-ի դիրքերի ամրապնդումը կարող է խթանել քաոսը հարևան Սուդանում, որտեղ ապստամբների «Արագ արձագանքման ուժերն» ամրապնդում են իրենց դիրքերը ռուսաստանցի զինյալների հետ համակարգմամբ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ «Վագներ»-ի հիման վրա ձևավորված «Աֆրիկյան կորպուսը» գործում է Մալիում, որտեղ 2012 թվականից անկայուն քաղաքական իրավիճակ է և 2020-21-ի հեղաշրջումներից հետո իշխանության են եկել զինվորականները՝ Ասիմի Գոիտայի գլխավորությամբ, ում օգնում է «Աֆրիկյան կորպուսը»: