Մատչելիության հղումներ

Ինչի՞ց և ինչպե՞ս է կործանվել Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռը. ավիավթարի մասին հարցերն ավելի շատ են, քան պատասխանները


Ինչի՞ց և ինչպե՞ս է կործանվել Եվգենի Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռը, օդանավը խոցվել է ցամաքի՞ց, պայթել օդո՞ւմ, թե՞ վայր ընկել անսարքության պատճառով, ի վերջո նա օդանավո՞ւմ էր, ո՞ղջ է, թե՝ ոչ․ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի մասին հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, ավելի քան 24 ժամ անց պաշտոնական որևէ վարկած ու հաստատում չկա։

Կրեմլն առայժմ մեկ բան է պնդել՝ հրամանը Պուտինը չէր տվել: «Այս մասին շահարկումները կատարյալ սուտ են», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հորդորելով սպասել քննության արդյունքներին։

«Եթե երեկ ուշադիր լսել եք Ռուսաստանի նախագահի ելույթը՝ նա ասաց, որ այժմ իրականացվում են անհրաժեշտ բոլոր, այդ թվում՝ գենետիկ փորձաքննությունները։ Հենց որ դրանց պաշտոնական արդյունքները հասանելի լինեն, կհրապարակվեն», - ընդգծել է Պեսկովը։

Պաշտոնական արդյունքների բացակայությունը, սակայն, չխանգարեց, որ Ռուսաստանի նախագահը երեկ արդեն Պրիգոժինի մասին խոսեր անցյալ ժամանակով. - «Նա բարդ ճակատագրի տեր մարդ էր, և՛ կյանքում լուրջ սխալներ է ունեցել, և՛ անհրաժեշտ արդյունքների է հասել՝ և՛ իր համար, և՛ երբ ես եմ նրան խնդրել՝ ընդհանուր գործի համար, ինչպես այս վերջին ամիսներին։ Նա տաղանդավոր մարդ էր, տաղանդավոր գործարար»։

Թե կոնկրետ ի՞նչ սխալներ էր արել Պրիգոժինը՝ Պուտինը չհստակեցրեց:

Վերլուծաբանները պնդում են՝ դրա կարիքը չկա, հիշեցնելով՝ ինչպես էր հազարավոր վարձկանների հետ Ուկրաինայի դեմ կռվող հրամանատարը ամիսներ շարունակ հրապարակավ քննադատում ու հայհոյում ռուսական բանակի ղեկավարությանը։

Ավիավթարից ուղիղ երկու ամսի առաջ նա անգամ ռազմական հեղաշրջում սկսեց՝ տանկերը քշելով դեպի Մոսկվա․ ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուլիամ Բընըսը պնդել էր՝ դա ամենաուղիղ հարձակումն էր Պուտինի դեմ՝ նրա իշխանավարման 23 տարվա մեջ։ Կրեմլի ղեկավարն ինքն էլ դա թիկունքից հասցված հարված էր որակել։

ի՞նչը կարող էր աղետի պատճառ դառնալ՝ լրագրողներն են հետաքննում

Եվ թերևս զարմանալի չէ, որ պաշտոնական սուղ տեղեկատվության, «Վագներ»-ի քար լռության ֆոնին լրագրողներն են հետաքննում՝ ի՞նչը կարող էր աղետի պատճառ դառնալ։

Flightradar24-ի համաձայն, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռը անհրաժեշտ բարձրություն է հավաքել Մոսկվայի ժամանակով 18:10-ին ու հետո՝ ինը րոպե անց արդեն սկսել կտրուկ իջնել՝ 32 վայրկյանում անցնելով մոտ երեք հազար մետր։ Ականատեսներից մեկն ասել էր, թե պայթյունի ձայն է լսել, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ ինքնաթիռում կարող էր բոմբ տեղադրված լինել։

«Պայթյունի ձայն լսեցի, սովորաբար, երբ դա տեղի է ունենում գետնի վրա, նաև դրա արձագանքն ես լսում, բայց այս դեպքում՝ միայն պայթյուն էր։ Վերև նայեցի, տեսա՝ սպիտակ ծուխ է բարձրանում», - նշել է ականատեսը:

Այս վարկածի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ինքնաթիռը մասերի է բաժանվել օդում․ բեկորներից մեկը հայտնաբերվել է վթարի վայրից մոտ երկու կմ հեռավորության վրա:

Ռուսական որոշ լրատվամիջոցներ մեջբերում են կործանված ինքնաթիռի ուղեկցորդուհու խոսքերը․ այդ օրը նա հարազատներին ասել էր, որ ինչ-ինչ պատճառներով թռիչքը հետաձգվում է։

Տեխնիկապես ինքնաթիռը պայթեցնելու վարկածն իրատեսական է, «Ազատության» Настоящее Время-ին ասել է ռազմական փորձագետ Յուրի Ֆեոդորովը:

«Որոշ, չհաստատված աղբյուրներ, հղում անելով ուղեկցորդուհու հարազատներին, ասում էին, որ այդ իքնաթիռը կործանումից առաջ ուղարկվել է ինչ-որ անհասկանալի նորոգման։ Ինքնաթիռը հանել էին օդանավակայանից, այսինքն, այն գտնվել է Պրիգոժինի անվտանգության ծառայության աչքից հեռու, իսկ այնտեղ կարող էին ինչ ասես տեղադրել», - նշել է ռազմական փորձագետը։

Հաջորդ, ամենաշատ քննարկվող վարկածն այն է, որ ինքնաթիռը խոցվել է հակաօդային պաշտպանության միջոցներով։ «Ռոյթերզը», հղում անելով ամերիկացի երկու անանուն աղբյուրների, երեկ հաղորդել էր, թե մասնավոր օդանավը, ամենայն հավանականությամբ, խոցվել է երկինք-երկիր դասի հրթիռով։ Պենտագոնը, սակայն, պաշտոնապես այս վարկածը չի հաստատել։

Յուրի Ֆեոդորովն այս վարկածը չի բացառում, միաժամանակ փաստում է՝ այդ սցենարի իրագործումն ավելի բարդ կլիներ. - «Հրթիռով հարվածելու դեպքում պետք է հրաման տալ, որը պետք է անցնի զինվորական տարբեր աստիճաններով: Համապատասխանաբար, կլինեն մարդիկ, որ ստացել են այդ հրամանն ու փոխանցել ենթականերին, իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ անել նրանց հետ, չէ որ նրանք այսուհետ կտիրապետեն հույժ գաղտնի տեղեկության»։

Մինչ փորձագետները դիտարկում են հնարավոր վարկածները՝ լռությունը խախտեց Բելառուսի նախագահը, ով փաստացի հարթել էր Պրիգոժինի ու Պուտինի բախումն ու վարձկաններին հյուրընկալել սեփական երկրում։

«Ես Պրիգոժինին անվտանգության երաշխիքներ չէի տվել, այդ մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Պուտինն, իր հերթին, այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի այսուհետ կամավորական բոլոր խմբավորումների անդամները պետք է երդվեն Ռուսաստանի դրոշի վրա։

Թե ի՞նչ է լինելու «Վագներ»-ի զինյալների հետ՝ հստակ չէ: Պաշտոնապես նման խմբավորում գոյություն չունի, Պրիգոժինի ենթադրյալ մահվանից երկու օր անց՝ այսօր ասել է Պուտինի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG