Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից ու հրավիրել հարցաքննության

Գագիկ Ծառուկյանին Քննչականից տեղափոխում են Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, 22-ը հուլիսի, 2026թ.

Տուժած ճանաչված իրանցի գործարարներից մեկի հետ երեկ տասը ժամ Գագիկ Ծառուկյանի առերեսումից հետո այսօր քննիչները հեռացրել են վարույթից «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի փաստաբան Երեմ Սարգսյանին:

Նա պատմեց, որ իրավապահների համար հիմք է ծառայել իրանցու բողոքը, թե Սարգսյանը ժամանակին մասնակցել է իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպումներին, ուստի պետք է որպես վկա հարցաքննվի, ոչ թե ստանձնի Ծառուկյանի պաշտպանությունը:

«Վախից ինձ հեռացրի վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որ իրենք կատարում էին.... երեկ ուղղակի ջախջախել ենք: Այն պահից սկսած, երբ վարույթ իրականացնող մարմինը տեսնում էր, որ իրենց նախորդ բոլոր ցուցմունքները կոտրվում են և ուղիղ հակասական ցուցմունքներ են ստացվում, սկսում էր հանել հարցերը: Հիմնավորել ենք, որ տուժողն ինչ ասել է, սուտ է ասել: Արդեն հասկանալի է, որ էսօր նույն կերպ պետք է շարունակեմ իմ հարցաքննությունը. որոշեցին, որ ինձ վարույթից հեռացնեն», - նշեց նա:

Փաստաբանն արդեն որպես վկա հրավիրվել է հարցաքննության:

Ծառուկյանի մյուս փաստաբան Էմին Խաչատրյանն այսօր հրաժարվել է շարունակել մասնակցել առերեսմանը՝ քննչական ամբողջ խմբին ներկայացնելով բացարկի միջնորդություն. «Միամտություն կլինի այստեղ արդարություն փնտրելը, հետևաբար առնվազն մենք այս փուլում պետք է արձանագրենք թե՛ տեղի ունեցած ապօրինությունները, թե՛ այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից: Այս անհավասար պայմաններում, մրցակցության սկզբունքի բացակայության պայմաններում աշխատելը տեղին չէր լինի»:

«Պարոն Ծառուկյանը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ շինծու գործ է ու կատարվում է միակողմանի քննություն», - ընդգծեց Խաչատրյանը:

Ծառուկյանը կրկին տեղափոխվեց ԱԱԾ մեկուսարան

Մինչ բացարկի վերաբերյալ որոշում կկայացվի, Գագիկ Ծառուկյանին կեսօրին Քննչականից կրկին տեղափոխեցին Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, այս անգամ արդեն փակ ձեռնաշղթաներով:

Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:

Կալանավորմանը զուգահեռ Ծառուկյանի ձեռնարկությունները փակ են, ստուգումներ են, գույքագրումներ: «Արարատցեմենտ» գործարանն անցել է պետության կառավարմանը, ինչպես քարոզարշավին խոստացել էր վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև պնդել էր, որ մեծահարուստ գործարարը պետք է բանտ գնա:

Ծառուկյանը, պնդում են թիմակիցները, այս անգամ չի նահանջի ու ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, չի հեռանա քաղաքականությունից. «Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, և սրանով ամեն ինչ ասված է»:

Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանից դուրս մնաց հաշված ձայների տարբերությամբ, արդյունքները չեղարկած երկու տեղամասերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չնշանակեց, արդյունքում «Քաղաքացիական պայմանագրի» մանդատները որոշիչ մեծամասնության հասան:

Այս օրերին Ծառուկյանին աջակցելու են գալիս Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության պատգամավորները. «Այս գործողությունն ուղղված է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի դեմ, այս գործողությունն ուղղված է Հայաստանի ողջ տնտեսության դեմ: Եթե իրենք ուզում են իրավաչափ, համաչափ մրցակցության պաշտպանության տեսակետից գործողություններ ձեռնարկել, ապա ամենևին այս ձևը չի: Սա ոչ միայն վրեժխնդրություն է, սա նաև մարդկային արժանապատվության ուղիղ ոտնահարում է»:

Փաստաբանները բողոքարկել են 70-ամյա Ծառուկյանին կալանավորելու որոշումը, ակնկալվում է, որ վերաքննիչ ատյանն առաջիկա օրերին կանդրադառնա այս գործին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գագիկ Ծառուկյանն առավոտից հարցաքննվում է Քննչականում Դատախազությունը դադարեցրել է Ծառուկյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը. փաստաբանԾառուկյանին պատկանող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿԾառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրին«Ձիու հետ կով լիներ, կո՞վն էլ պիտի տանեին». Ծառուկյանի փաստաբանները բողոքարկում են ձիերի առգրավման որոշումը