Թրամփը զգուշացրել է՝ ԱՄՆ-ն ավելի ուժեղ կհարվածի Իրանին, եթե չհետևեն հրադադարի պայմաններին

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին պայմանավորվածության կոպիտ խախտում են և անիմաստ են դարձնում ԱՄՆ-Իրան Պակիստանում շաբաթավերջին նախատեսված բանակցությունները, հայտարարել է Իրանի նախագահը:

«Սա խաբեության և հնարավոր համաձայնությունները կատարելու հանձնառության պակասի վտանգավոր ցուցիչ է։ Այս գործողությունների շարունակությունը բանակցությունները կդարձնի անիմաստ։ Մենք մատ դեռ ձգանի վրա ենք պահում։ Իրանը երբեք չի լքի լիբանանցի իր քույրերին ու եղբայրներին»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Պակիստանում Իրանի դեսպանն այսօր հեռացրել էր սոցանցում արած գրառումը, որ Իրանի պատվիրակությունն այսօր կմեկնի Իսլամաբադ՝ բանակցությունների: Իրանի փոխարտգործնախարարը, սակայն, վերահաստատել է իրենց մասնակցությունը: Ըստ Al Jazeera-ի՝ նախնական տվյալներով՝ ԱՄՆ-ից կմասնակցեն փոխնախագահը, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները և ծովակալ Բրեդ Քուփեր, իսկ Իրանից՝ խորհրդարանի խոսնակը, արտգործնախարարն ու փոխարտգործնախարարերից մեկը:

Ըստ ԱՄՆ-ն-ի՝ հրադադարը Լիբանանին չի վերաբերում, Իրանը հակառակն է պնդում

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ հրադադարը կոպտորեն խախտվել է: Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով՝ իրենց առաջարկներում հստակ նշված է, որ Լիբանանը և դիմադրության ողջ առանցքը հրադադարի անբաժանելի մասն են: Ըստ նրա՝ միջնորդ Պակիստանի վարչապետը ևս հրապարակավ և հստակ շեշտել է դա: «Հրադադարի խախտումները ենթադրում են հետևանքներ և կոշտ պատասխաններ։ Անմիջապես դադարեցրեք կրակը»,- զգուշացրել է նա։

Իրանի փոխարտգործնախարարն էլ հայտարարել է, որ Լիբանանի վրա հարձակումները նաև ցեղասպանական գործողություն են: Սաիդ Խատիբզադեն ասել է, որ Իրանը երեկ երեկոյան պատրաստ էր արձագանքել դրանց, սակայն Պակիստանի միջամտությունից հետո հրաժարվել է: Նաև նշել է, որ ցանկացած խաղաղություն պետք է ներառի նաև Լիբանանը:

ԱՄՆ-ն և Իրանը յուրովի են մեկնաբանում Իրանի 10 կետանոց առաջարկները, որոնց մի քանի տարբերակ է շրջանառվել: Իրանը պնդում է, որ հրադադարը տարածվում է նաև Լիբանանի վրա, պետք է վերացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները, Թեհրանը նաև պետք է պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը և շարունակի հարստացնել ուրանը: Սակայն ԱՄՆ-ն հերքում է բոլոր կետերը: ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի համաձայնել նաև Լիբանանում հրադադարին:

«Մենք երբեք նման խոստում չենք տվել ... մենք ասել ենք, որ հրադադարը կկենտրոնանա Իրանի և Ամերիկայի դաշնակիցների՝ թե՛ Իսրայելի, թե՛ Պարսից ծոցի արաբական պետությունների վրա»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

ԱՄՆ նախագահն էլ հայտարարել է, թե որևէ պայմանավորվածություն չկա, որ Իրանին թույլ կտրվի ուրան հարստացնել: Հորմուզի նեղուցն էլ, ըստ Դոնալդ Թրամփի, պետք է բացվի և անվտանգ լինի երթևեկության համար: Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ամերիկյան զինուժը տարածաշրջանում կմնա այնքան, մինչև Իրանը լիովին պահպանի հրադադարի պայմանները: Թրամփը նաև զգուշացրել է՝ ԱՄՆ-ն ավելի ուժեղ կհարվածի Իրանին, եթե չհետևեն հրադադարին:

«Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա կրակոցները կսկսվեն՝ ավելի մեծ մասշտաբով, ավելի հզոր և ավելի ուժեղ, քան որևէ մեկը երբևէ տեսել է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հակասական են նաև Հորմուզի մասին տեղեկությունները

Այստեղով փոխադրվում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը: ԱՄՆ-ն պնդում է, թե այն բաց է, սակայն ըստ իրանական լրատվամիջոցների՝ սահմանափակ թվով նավեր են անցնում, ընդորում՝ Իրանի հետ համակարգմամբ: Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն ասել է, որ նեղուցն ամբողջությամբ կվերաբացվի, երբ դադարեցվի ագրեսիան Լիբանանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանը զգուշացնում է՝ անցումը Հորմուզով միայն իր թույլտվությամբ

Ռուսական ТАСС գործակալությունը, իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հղումով, հայտնում է, որ Իրանը հրադադարի ընթացքում օրական առավելագույնը 15 նավ թույլ կտա անցնել նեղուցով: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը քարտեզ է հրապարակել, որում ցույց են տրվում նեղուցում այլընտրանքային ուղիները՝ ականներից խուսափելու համար:

200-250 զոհ Լիբանանում՝ վերջին 24 ժամում

Իսկ Իսրայելը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին հարվածները Լիբանանում: Վերջին 24 ժամում Լիբանանում, ըստ տարբեր աղբյուրների, 200-250 մարդ է սպանվել, վիրավորվել ավելի քան 1000-ը:

Իսրայելը հայտարարել է, որ սպանել է շարժման առաջնորդի անձնական քարտուղարին: «Հեզբոլա»-ն պատասխան հարվածներ է հասցրել: Լիբանանի կառավարությունը Իսրայելին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել։

Իսրայելի վարչապետն ասել է, որ կշարունակեն հարվածները «Հեզբոլա»-ին այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի հյուսիսի բնակիչների լիակատար անվտանգությունն ապահովելու համար։ Նա նաև նշել է, թե դեռ չեն ավարտել Իրանում իրենց անելիքը և սպառնացել՝ պատրաստ են ցանկացած պահի վերսկսել մարտական գործողությունները։

«Մենք դեռ շատ նպատակներ ունենք իրականացնելու, և դրանց կհասնենք կա՛մ համաձայնագրի կնքմամբ, կամ մարտական գործողությունների վերսկսմամբ։ Մենք պատրաստ ենք վերսկսել մարտական գործողությունները ցանկացած անհրաժեշտ պահի։ Մեր մատը ձգանի վրա է»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նաև հիշեցրել է, թե հարստացված ուրանը դեռ Իրանում է և անպայման պետք է դուրս բերվի երկրից: Իրանի ատոմային էներգիայի ղեկավարն արձագանքել է՝ «թշնամուն չի հաջողվի սահմանափակել ուրանի հարստացման ծրագիրը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի ԱԽ-ն Իրանին ուղղված Թրամփի հայտարարությունից հետո նիստ է անցկացրելԱՄՆ-Իրան հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. ԿալլասՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են լարվածության նվազեցման ուղիներըԼիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով կա ավելի քան 250 զոհՀրադադարը պետք է պահպանվի նաև Լիբանանում. Մակրոն